Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ: Ըստ հավաստի աղբյուրների` Շմայսը կարող է ձերբակալվել:
Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացրել: Խուզարկությունը տեւել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ԱԱԾ աշխատակիցները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում:
Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ և 2 հրացան:
ԱԱԾ-ն խոստացել է ավելի ուշ հանդես գալ պաշտոնական պարզաբանումներով` թեև Շմայսն այն դեպքն է, որ կարող է անցնել մի քանի աղմկոտ քրեական գործերով:
Առաքել Մովսիսյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց անմիջապես հետո: Այս տխրահռչակ անձը մշտապես եղել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շրջապատում. 90-ականների վերջերին քաղաքական շրջանակներում լուրեր էին պտտվում, որ նա է համակարգում ղարաբաղյան կլանի քիլլերների գործողությունները: Առաքել Մովսիսյանի անվան հետ են կապվում ՊՆ և ՆԳ նախկին փոխնախարարներ Վահրամ Խորխոռունու և Արծրուն Մարգարյանի սպանությունները:
Վազգեն Սարգսյանի վարչապետության շրջանում Շմայսն անգամ կալանավորվեց, սակայն հայտնի իրադարձությունների բերումով ազատ արձակվեց:
Մովսիսյանների ընտանիքը թաթախված է հանցագործությունների մեջ. Շմայսի եղբայրը` պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց, երբ ամրապնդվեցին Ռոբերտ Քոչարյանի դիրքերը: Ավելի ուշ Մուշեղ Մովսիսյանը դարձավ խորհրդավոր ավտովթարի զոհ:
Պատգամավոր Առաքել Մովսիսյանը աչքի է ընկել կրիմինալ վարքագծով. նա խորհրդարանում հանդգնել է վիրավորել Սերժ Սարգսյանին քննադատող պատգամավորներին, խորհրդարանի պատերից դուրս 2014-ի գարնանը կազմակերպել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դաժան ծեծը:
Թավշյա հեղափոխության օրերին Շմայսը` իր բանդանեևով, բռնություններ էր գործադրում ցույցերին մասնակից քաղաքացիների նկատմամբ:
Շմայսի հնարավոր ձերբակալությունը կարող է լույս սփռել միանգամից մի քանի հանցագործությունների, գուցե նաև` Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման վրա: