Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Նիկոլ Փաշինյանի պուտինյան մարտահրավերը

Այսօր Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում տեղի է ունենալու Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի հանդիսավոր բացումը։ Դրան մասնակցելու են այս նախագծի անդամ երեք երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահները: Այս խողովակաշարի շինարարությունը սկսվել էր 2015 թվականին և ինչպես կողմերն են հայտարարում, այսօր այն արդեն պատրաստ է ադրբեջանական գազը Վրաստանով դեպի Թուրքիա, ապա դեպի Եվրոպա հասցնելու համար։ Այս գազատարի հիմնական նպատակներից մեկը Ռուսաստանից Եվրամիության էներգետիկ կախվածության նվազեցումն է։ Ըստ նախնական հաշվարկների, շուրջ 1900 կիլոմետր երկարություն ունեցող այս գազատարով Թուրքիան ամեն տարի ադրբեջանական Շահ Դենիզից նվազագույնը 6 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա, Եվրամիությունը՝ 10 միլիարդ խորանարդ մետր։ TANAP-ի թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է, սակայն հավելյալ կայանների կառուցման դեպքում այն կարող է հասնել 31 միլիարդի։ Հայտնի է նաև, որ TANAP-ին միանալու շուրջ քննարկումներ են անցկացվել աշխարհում գազի պաշարներով չորրորդ երկիրը համարվող Թուրքմենստանի հետ:

Նշենք նաև, որ ներկայումս TANAP-ի բաժնետոմսերի 58 տոկոսը տնօրինում է ադրբեջանական SOCAR-ը, 30 տոկոսը՝ թուրքական BOTAŞ-ը, 12 տոկոսը՝ բրիտանական BP ընկերությունը:

TANАP-ը Հայաստանը շրջանցող հերթական տարածաշրջանային խոշոր նախագիծն է։ Դժվար է անգամ հիշել բոլոր այն տարածաշրջանային ծրագրերը, որոնցից Հայաստանը հետևողականորեն դուրս է մղվել նախորդ երկու իշխանությունների կառավարման տարիներին։ Մշտապես Հայաստանի պաշտոնական, իշխանական քարոզչությունը կամ փորձել է շրջանցել Հայաստանը շրջանցող այդ նախագծերը, կամ դրանք ներկայացրել է որպես Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանաթուրքական դավադրություն, որին մասնակցում է նաև մեր բարեկամ ու հարևան երկիր Վրաստանը։ Երբեք սակայն պաշտոնական քարոզչությունը, առավել ևս՝ պաշտոնական Երևանը չի խոսել այն մասին, որ նման խոշոր տարածաշրջանային, բայց իրենց նշանակությամբ աշխարհաքաղաքական նախագծերից Հայաստանը դուրս է մղվել մեր իշխանությունների ապաշնորհության, միագիծ արտաքին քաղաքականության, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի բացակայության պատճառով։ Իհարկե, կա նաև ադրբեջանաթուրքական միացյալ գործոնը, բայց ամեն ինչ պայմանավորել միայն այդ գործոնով, նշանակում է ջայլամի քաղաքականություն վարել և առնվազն չխոստովանել սեփական սխալները։ TANAP-ի այսօրվա շնորհանդեսը, այսպիսով Հայաստանի երկու տասնամյակների տապալված արտաքին քաղաքականության շնորհանդեսն է նաև, որի մասին միջոցառման ընթացքում, իհարկե չեն խոսելու ուղիղ տեքստով, սակայն դրան մասնակցողները, առնվազն Թուրքաիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչները ապրելու են գոհունակության հերթական չափաբաժինը՝ Հայաստանին ևս մի նախագծից դուրս թողնելու համար։

Հայաստանի բոլոր նախորդ երեք իշխանությունները, բայց առավելապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունները Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերածել են միագիծ քաղաքականության, որում դոմինանտությունը մշտապես պատկանել է Ռուսաստանին։ Հատկապես էներգետիկ հարցերում Ռուսաստանն ունեցել է և դեռ շարունակում է պահպանել, ըստ էության, մենաշնորհային կարգավիճակ Հայաստանում ու Հայաստանի մասին որոշումների կայացման գործընթացում։ Եվ տարածաշրջանային նախագծերից դուրս մնալը այն գինն է, որը Հայաստանը վճարել և վճարում է Ռուսաստանի հետ «ռազմավարական գործընկերության» դիմաց։

Իհարկե, Հայաստանի մեկուսացումը միայն ռուսական գործոնով չէ պայմանավորված, դրանում դեր ունի նաև աշխարհաքաղաքականությունը, սակայն կրկնում ենք՝ Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածությունը այդ հարցում էական, որոշիչ նշանակություն է ունեցել և ունի։ Հայաստանն առանց Ռուսաստանի հետ համաձայնության չի փորձել անգամ նախաձեռնողականության որևէ նշույլ ցույց տալ այս և նմանատիպ տարածաշրջանային նախագծերում որևէ կերպ ընդգրկվելու համար։ Իսկ Ռուսաստանը, որպես կանոն, Հայաստանին թույլ չի տվել նախաձեռնողականություն ցուցաբերել, շատ հաճախ Հայաստանին վերաբերող հարցերը քննարկելով նույն Թուրքիայի կամ Իրանի հետ՝ առանց Հայաստանի մասնակցության իսկ։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Իսկ ունենք տարածաշրջանային խոշոր ծրագրերից դուրս մնացած Հայաստան, որում սակայն տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով։ Հեղափոխության էյֆորիկ փուլն անցել է կամ անցման ընթացքում է և արդեն այդ հեղափոխական ռեսուրսը կոնկրետ ուղղություններով առարկայացնելու ժամանակն է։ Անում է արդյոք Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր։ Գոնե հրապարակային մակարդակում՝ առայժմ ոչ։ Թեև հայտարարությունների հարթությունում հայտարավում է բազմակողմանի արտաքին քաղաքականության անհրաժեշտության մասին, սակայն գործնականում Հայաստանն առայժմ քաղաքականություն է վարում միայն Ռուսաստանի ուղղությամբ։

Երեկ՝ ընդունելով Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում սկսվել է նոր փուլ՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է շարունակել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը բոլոր ուղղություններով՝ ԵՏՄ, ՀԱՊԿ, միջազգային կառույցներ և այլ։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է Մոկսվա կատարելիք հերթական այցից առաջ, որը արդեն երկրորդ այցն է նրա պաշտոնավարման մեկ ամսվա ընթացքում։ Ռուսաստանից բացի, Նիկոլ Փաշինյանն այցելել է միայն Վրաստան։ Բայց ավելի կարևոր է, թե ուր չի այցելել Նիկոլ Փաշինյանը անցած մեկ ամսվա ընթացքում։ Բրյուսել կամ գոնե եվրոպական որևէ այլ մայրաքաղաք։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի նոր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը դեռևս խուսափում է եվրոպական, արևմտյան ուղղությամբ առարկայական քայլերից՝ առայժմ սահմանափակվելով միայն դեսպանների արարողակարգային ընդունելություններով։ Եվ չմեկնելով Եվրոպա՝ երկրորդ անգամ գնում է հանդիպելու Վլադիմիր Պուտինին։

 

Եթե այս մոտեցումն է Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը գործնականում, ապա այն, մեղմ ասած, հարցերի և տարակուսանքի տեղիք է տալիս, որովհետև Հայաստանի նոր իշխանության մեկ ամսվա պաշտոնավարման ընթացքում արտաքին քաղաքականության կուրսը զգալիորեն թեքվել է դեպի Ռուսաստան, այսինքն՝ ոչ թե թեքվել է նախկինից ավելի, դրանից ավելի չի լինում, այլ շարունակվել է նախկին քաղաքականությունը, Սերժ Սարգսյանի, նրանից առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը։ Ու ստացվում է, որ գոնե առայժմ ներքին քաղաքականության մեջ կատարելով նախորդ իշխանություններից որակապես տարբերվող, նախկին արատավոր համակարգերը կազմաքանդող քայլեր, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախկինների գործը արտաքին քաղաքականության բնագավառում։ Դա առնվազն մտահոգիչ է, որովհետև եթե հեղափոխությունը չի ազդելու նաև արտաքին քաղաքականության վրա, իսկ ազդել նշանակում է ոչ միայն կտրուկ փոփոխություններ կատարել, այլ նախկին հարաբերությունները բերել նոր որակի, ահա եթե չի լինելու այդ փոփոխությունը, ուրեմն հեղափոխությունը լինելու է կիսատ ու անկատար։

Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը շարունակելու է դուրս մնալ տարածաշրջանային ու միջազգային նախագծերից, որովհետև յուրաքանչյուր նման նախագծի մասնակցությունը ավելացնելու է Հայաստանի սուբյեկտայնությունն ու ինքնիշխանությունը, ինչը օրգանապես դեմ է Ռուսաստանի քաղաքականությանը, որի ղեկավարի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ընդամենը երկու օր հետո։ Հերթական անգամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում