Արցախում ստեղծված իրավիճակը բնականորեն մեծ արձագանք է ստացել Հայաստանում՝ հիմնականում տագնապի տեսքով, որ Արցախի ապակայունացումը անթույլատրելի է միանգամայն հասկանալի ռազմական իրադրության պատճառներով: Դա բնական մտահոգություն է, այլ կերպ լինել չէր էլ կարող: Բայց արդյո՞ք իրավիճակն Արցախում այնպիսին է, որ կա այդօրինակ տագնապի կարիք, առավել ևս՝ հուսահատ կոչերի և հորդորների, որ տարբեր մակարդակներից հնչում են այսօր Հայաստանում:
Արցախում կենցաղային միջադեպը դարձել է հասարակական հուզումների պատճառ, որոնք շարունակվում են քաղաքական օրակարգով: Իրավիճակի հետաքրքիր նրբերանգն այն է, որ այդ հուզումները ոչ այնքան ծավալուն են, մասշտաբային, որքան աննախադեպ: Ըստ այդմ՝ բուն խնդիրը, որ առաջացրել է թերևս խաբկանք, այն է, որ Արցախում պարզապես որևէ պարագայում նույնիսկ տասը մարդ բողոքի ակցիա չի արել որևէ քաղաքական կամ քաղաքացիական պահանջով, ու հիմա, երբ մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ է բարձրաձայնում որևէ քաղաքական օրակարգ բողոքի ակցիայի միջոցով, դա դիտարկվում է իբրև ապակայունացում:
Եթե, այսպես ասած, հայաստանյան դիտանկյունից դա խաբկանք է, ապա թերևս կանցնի արագ: Եթե խաբկանք չէ, ապա դա արդեն ինքնին շատ ավելի վտանգավոր է Արցախի համար, քան բուն Արցախում տեղի ունեցողը, որը իր դրսևորումներով ներկայումս չունի վտանգի մասին առարկայական տագնապի որևէ հիմք:
Բանն այն է, որ Հայաստանից հնչող «տագնապի ձայները» այդ պարագայում կարող են լինել ոչ այլ ինչ, քան Արցախում տեղի ունեցող ներքին շատ բնականոն հանրային-քաղաքական իրադրությանը միջամտության փորձ՝ այն Հայաստանի որևէ շրջանակի ձեռնտու հունով շեղելու համար:
Արցախը չճանաչված, բայց կայացած պետական միավոր է, որն իհարկե ունի իր ռազմաքաղաքական առանձնահատկությունները: Բայց, դրանով հանդերձ, Արցախը ունի նաև պետական կյանքով ապրելու թե՛ փորձ, թե՛ կարողություն: Իսկ հանրային որևէ բողոք պետական կյանքի, հասարակական-պետական օրգանիզմի բնականոն դրսևորում է, և Արցախը լիովին ունակ է մարսելու այդ դրսևորումը, համենայնդեպս՝ այն տեսքով ու բովանդակությամբ, որ այն տեղի է ունենում այժմ: Հետևաբար պետք չէ Հայաստանից կամ խաբուսիկ, կամ էլ որոշ դեպքերում շինծու մտահոգությամբ փորձել խանգարել Արցախի հասարակական-պետական մարսողությանը՝ կարծելով, թե արցախյան հանրության և իշխանության որևէ շերտ կարող է պակաս գիտակցել երկրի անվտանգության խնդիրներն ու կայունության կարևորությունը, քան Հայաստանից որևէ մեկը:
Ավելին, ստեղծված իրավիճակը, Արցախի իշխանության, արցախյան պետականության համար իհարկե լինելով որոշակի մարտահրավեր, նաև նույնքան որոշակի առիթ է՝ ցույց տալու բոլորին, այդ թվում՝ արտաքին աշխարհին, որ գործ ունեն իսկապես կենսունակ ու կայացած պետական միավորի հետ, որը կարող է իշխանություն-հանրություն երկխոսության, քաղաքական և քաղաքակիրթ հարաբերությունների միջոցով լուծել ներքին հասարակական-քաղաքական խնդիրներ ու անհամաձայնություններ, քայլել առաջ թե՛ պետական կառավարման, թե՛ քաղաքական համակարգի վերափոխման, արդիականացման ճանապարհով: Ընդ որում, այդ ամենը՝ մշտական պատերազմական վտանգի ու ռազմատենչ-հակառակորդ հարևանի առկայության պայմաններում:
Եթե Արցախին պետք է այդ հարցում օգնություն, ապա միայն չխանգարելով, առավել ևս՝ անհարկի խուճապ պարունակող աղմուկով: