Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Ծնողս 28 տարի ծառայել ա․․․ իսկ հունվարի 29-ին դարձել ա ազգի դավաճան… նոր զարգացումներ կուրսանտի դաժան սպանության գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան  սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախել են մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում,  մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը, մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Դատարանը սկսեց ամբաստանյալների հարցաքննությունը:

Պաշտպանական կողմը ձեռնպահ մնաց, չառաջարկեց՝ ումից  սկսեն հարցաքննությունը: Մեղադրանքի կողմը ստեղծված իրավիճակում առաջարկեց սկսել՝ ըստ մեղադրական  եզրակացության ու դատակոչի ցուցակի:

Առաջինը նշված է Գնել Թևոսյանի անունը: Հետևաբար դատարանը հարցաքննեց Գնել Թևոսյանին, ով սկսեց այսպես. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դեպքին առնչություն չեմ ունեցել»:

Ամբաստանյալն ասաց, որ 2015 թվականի հունվարի 28-ին ինքն «ազատ արձակման» մեջ է եղել, երեկոյան է ինստիտուտ գնացել, «քուն» հրամանից կարճ ժամանակ հետո էլ  պառկել ու քնել է:

Առավոտյան արթնացել է ընդհանուր «վերկաց» հրամանից տասը րոպե առաջ՝ որպես սերժանտ՝ միշտ տասը րոպե շուտ էր արթնանում, իսկ ընդհանուր «վերկացից» հետո կապիտան Ավետիսյանից իմացել է, որ Հայկազ Բարսեղյանը չկա: Դուրս է եկել մյուսների նման Հայկազին փնտրելու: Գոռոցներից իմացել է, որ Հայկազին գտել են… Նույն օրը ժամը 13-ի սահմաններում Հովիկ Հ.-ի հետ գնացել է «չայնի», որտեղ թեյ խմելու ընթացքում քննարկել են կատարվածը, ինքը հայհոյանքներ է տվել, իսկ 14-ն անց 30-ի սահմաններում իրեն տարել են ռազմական ոստիկանություն. «Այնտեղ ամեն ինչ արել են, որ ինձ մեղավոր ճանաչեմ, բայց չի հաջողվել… Ինձ ձերբակալել են…»:

Գնել Թևոսյանը նշեց, որ հունվարի 28-ին ինքն ընդհանրապես Հայկազ Բարսեղյանի ննջասենյակ չի մտել,  հունվարի 29-ին էլ չի մտել, միայն լսել է, որ Հայկազի անկողնու մեջ արյուն է եղել:

Գնելն ասաց, թե ինքը ալկոհոլ չի օգտագործում, գործում առկա եզրակացությանը, թե ալկոհոլ օգտագործած է եղել, չի համապատասխանում իրականությանը:

Երբ հունվարի 28-ին ինքը մտել է ննջասենյակ, բոլորը իրենց անկողինների մեջ էին, բացակա չկար…

Հայկազ Բարսեղյանին վերջին անգամ տեսել է հունվարի 28-ի առավոտյան, երբ գնացել էին Նորքի զանգվածում գտնվող եկեղեցի ու վերադարձել էին ինստիտուտ: Դրանից հետո ինքն «ազատ արձակման»» թույլտվություն է ստացել  ու ինստիտուտ է վերադարձել ուշ երեկոյան:

Գնելը նշեց, թե վկաները իր դեմ ցուցմունքներ են տվել ռազմական ոստիկանությունում գործադրված ճնշումների ազդեցության տակ. «Մեկի վրա պտի գրեին, ոնց ասել են՝ գրել են…»:

Գնել Թևոսյանը չի ընդունում նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Հայկազ Բարսեղյանին կախել են մահից հետո:

Ռազմական ոստիկանությունում իր ու մյուսների նկատմամբ ճնշումներ են եղել. «Ես տեսածս եմ ասում»՝ նշեց ամբաստանյալը, սակայն չկոնկրետացրեց՝ ով է ճնշել և ինչպես. «Կոնկրետ չեմ հիշում… Վատ միջոցներով են ճնշել… Երեք տարի է անցել»:

Ամբաստանյալն ասաց, որ ճնշումների մասին նախաքննության ժամանակ ասել է, գիտի, որ քրեական գործի հարուցումը մերժվել է. «Ոնց կարար գործ հարուցվեր, եթե խոշտանգողները ոստիկաններ էին… Նախաքննության ժամանակ շատ բան կարող էի ասել՝ հաշվի առնող չկար, ես էլ մտածեցի՝ կգամ դատարանում կասեմ…»:

Գնել Թևոսյանը պնդեց, թե ինքը կուրսանտներից ոչ մեկի հետ որևէ խնդիր չի ունեցել, բայց վկաները հատկապես նախաքննական ցուցմունքներում իր վրա «շառ» են արել՝ իրեն բացասական են բնութագրել, նրանց մի մասը դատարանում իրեն դրական է բնութագրել…

Թե ինչու վկաների հարցաքննության ժամանակ չի հարցրել իրեն վատ բնութագրելու պատճառների մասին՝ ամբաստանյալն ասաց, թե վկաները «իրենց հորնումորն էլ էս գործով ճիշտը չեն ասի»:

Իրեն դեռ հունվարի 29-ին առերեսել են կուրսանտ Սամվել Ս.-ի հետ, նա ասել է, որ Գնելը կապ չունի, դա չեն արձանագրել, բայց հետո Սամվելը իր դեմ ցուցմունք է տվել…

Գնելը համաձայն չէր, որ վկաների կողմից նկարագրված սպանությունը համապատասխանում է գործով ձեռք բերված այլ ապացույցներին, գործի փաստական հանգամանքներին: Նա պնդեց, թե իր հագուստի ու մարմնի վրա Հայկազ Բասրեղյանի որևէ հետք չի հայտնաբերվել: Հայկազ Բարսեղյանի կոշիկների տակի ցեխը չի համապատասխանել իր կոշիկների ու հողաթափերի տակի ցեխին:

Ինքը, այո, հունվարի 29-ի առավոտյան տոպրակով շոր է տվել, որ հանձնեն իր հորը, բայց այդ տոպրակում միայն մի սպորտային վերնազգեստ կար, որը հետագայում ներկայացվել է նախաքննական մարմնին, այդ շորի վրա էլ որևէ հետք չի եղել: Տոպրակի մեջ դանակ, այլ առարկա կամ այլ շոր չի եղել: Վերոհիշյալ վերնազգեստն էլ փոխանցել է հորը, քանի որ սպաները կարգադրել էին, որ բոլորը իրենց մոտ եղած քաղաքացիական հագուստից կամ արգելված այլ իրերից ազատվեն, նույնիսկ նետեն «զիբիլը», որպեսզի դեպքի կապակցությամբ անցկացվելիք ստուգումների ժամանակ մարտկոցում «չեպե» չլինի…

Դեպքից հետո շարքի մեջ կանգնած կուրսնատին ինքը դիտողություն է արել, որ չնայի կախված Հայկազ Բարսեղյանի կողմը, որովհետև սպաները պահանջել էին՝ ոչ ոք չնայի:

Գնել Թևոսյանը նշեց, թե իր հետ ամբաստանյալի աթոռին նստած կուրսանտները իր ընկերները չեն եղել ուսման ժամանակ, ինքն ընկերություն է արել միայն Հովիկ Հ.-ի հետ, հենց Հովիկի հետ էր դեպքից հետո գնացել «չայնի», որտեղ ինքը հայհոյել է, որ «ով ինչ գիտի՝ չասի»…

Երբ իրեն տարել են ռազմական ոստիկանություն, հենց սենյակ է մտել, իրեն ասել են՝ մարդասպան ես. «Ես էլ հայհոյեցի ու ասեցի՝ սպանողին էլ, շառ անողին էլ, իմ վրա գրողին էլ…»:

Ամբաստանյալը բավական ոգևորված ներկայացրեց իր դաստիարակված լինելը. «Ես մեծացել եմ զինվորականի ընտանիքում, ես դաստիարակություն չունեմ, որ չարած բանը ուրիշի վրա թողնեմ, ապացուցեք, որ մարդասպան եմ…»:

Ինստիտուտի որոշ սպաներ սպանությունից հետո զանգել են հենց Գնել Թևոսյանին ու հանձնարարել են կուրսանտներին հարցուփորձ անել ու կատարվածի վերաբերյալ իրենց տեղեկություններ հայտնել: Մասնավորապես՝ Մ. Դավթյանը զանգել ու ասել է. «Թևոսյան ջան, ներքին կարգով իմացի, գամ՝ ինձ ասա»:

Ըստ Գնելի՝ իր ներկայությամբ կապիտան Ավետիսյանը հարցուփորձ է արել Հայկազի հետ նույն ննջասենյակում քնողներին, նրանք ասել են, թե տեղեկություն չունեն՝ ինչպես է կատարվել դեպքը, իրենք ոչինչ չեն տեսել, քնած են եղել…

Ըստ Գնելի՝ ինքը բոլոր կուրսանտների հետ եղել է «նորմալ, մարդկային» հարաբերությունների մեջ. «Ես նենց էի ծառայում, որ լինեմ օրինակելի… Գնացել էի Հայրենիքի պաշտպան, ոչ թե ավտարիտետ դառնալու… Ես սաղին հավասար եմ էղել, ինչով կարացել եմ՝ բոլորին օգնել եմ, ոչ մեկը աչքիս փուշը չի էղել… Բայց ցուցմունքներում գրել են, թե վատն եմ էղել…»:

Ամբաստանյալին հարցրին՝ վկա կուրսանտները նրա վերաբերյալ բնութագիրն է՞լ են ճնշումների տակ գրել: Պատասխանեց. «Ամեն մեկն ունի իր մտածելակերպը, եթե ասել են՝ էս լակոտն ա սպանել, մի քիչ էլ ճնշել են, նրանք էլ հո չէի՞ն ասի՝ էդ մարդը լավն ա…»:

Այնուհետև ամբաստանյալն անցավ Աստծուն շնորհակալ լինելուն՝ ընդգծելով իր՝ «լավ և ուժեղ տղա» լինելու հանգամանքը. «Աստծուց շնորհակալ եմ, որ իմ գիտակցությունը, իմ խելքն ու դաստիարակությունը ինձ պահել են, որ չեղած բանը ուրիշների վրա չբարդեմ… Ես ամեն իմ ասած խոսքը ապացույցով եմ ասում, օդի մեջ չեմ ասում… Իմ ուղեղին էդքան տիրապետել եմ, որ ինքնախոստովանական ցուցմունքներ չտամ, նախընտրել եմ սուս մնալ… Ես ինձ կարացել եմ նենց պահեմ, որ ոչ մի բան չասեմ, ոչ մի թղթի տակ չստորագրեմ…»:

Գնել Թևոսյանը իրականությանը չհամապատասխանող համարեց ոչ միայն իր առնչությունը Հայկազ Բարսեղյանի սպանությանը, այլև իր առնչությունը այլ կուրսնատների նկատմամբ բռնություններ գործադրելուն՝ նման մեղադրանք էլ է առաջադրված նրան:

Մեղադրանքի առնչությամբ Գնել Թևոսյանն ասաց. «Իմ վրա շառ են արել, ինձ դարավոր թշնամի են սարքում…», մինչդեռ ինքը շատ նորմալ հարաբերությունների մեջ է եղել Հայկազ Բարսեղյանի հետ, երբևէ կոնֆլիկտ չեն ունեցել, հակառակը, ինքն է Հայկազից որոշ բաներ սովորել, օրինակ՝ համազգեստ կրելու հարցում:

Գնել Թևոսյանն ասաց, թե ինքն ինստիտուտում հոր շնորհիվ արտոնյալ վիճակում չի եղել, եթե դուրս է եկել, ապա միայն՝ արձակում ստանալուց հետո՝ հրամանատարների ստորագրությունով: Պատահել է՝ ուսման հետ կապված՝ անհասկանալի հարցեր են եղել, գնացել է շտաբ. «Իմ ծնողն ինձ օգնել ա… Իմ համար ինստիտուտում ավելի դժվար ա էղել, առաջին խիստ վերաբերմունքը ես եմ ստացել, ինձ ասել են՝ ամոթ ա, քո ծնողը ծառայում ա… Ես արտոնություններ չեմ ունեցել, ոնց կարացել եմ՝ ճիշտ ձևով ծառայել եմ…»:

Իր՝ արտոնյալ լինելու վերաբերյալ կուրսանտների մեծ մասի ցուցմունքների վերաբերյալ Գնել Թևոսյանն ասաց՝ ես զորամասից դուրս եմ եկել, իրանք ի՞նչ գիտեին՝ ես ուր եմ գնացել…

Ամբաստանյալը նշեց, թե ինստիտուտի պետի տեղակալ իր հոր «ֆակտրը» եղել է՝ իրեն մեղադրանք առաջադրելու հարցում. «Ասում էին՝ ախպորդ կբռնենք, հորդ կբռնենք, ես ասել եմ՝ ձեզ ասելու բան չունեմ… Ես իմ ծնողին ասել եմ՝ իմ գործին մի խառնվեք… Սկզբում ասում էին՝ Հայկազն ինքնասպանություն ա գործել, բայց չգիտեմ՝ որտեղից իմացան, որ ես Մարկոսյանի տղան եմ՝ ես՝ Թևոսյան, հայրս՝ Մարկոսյան… Իմացան ու ինձ սպանության մեղադրանք առաջադրեցին…»:

Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդը՝ նրա հայր Արկադի Բարսեղյանը, իր հարցադրումներում հիշատակեց, որ դեպքի հաջորդ ամբողջ օրը Գնելի հայրը եղել է քննիչների հետ, ու քննիչները չեն էլ իմացել, որ նա Գնելի հայրն է, բայց մի սխալ բան չեն արել, որ Գնելի հայրը մատնացույց անի…

Գնել Թևոսյանը տուժողի իրավահաջորդի հարցերին ի պատասխան՝ բացատրեց՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր, թե իրեն մեղադրանք առաջադրելու հարցում իր հոր «ֆակտրն» էլ է եղել. «Հորս կանչել, պայմաններ են դրել, համոզել են, որ ընդունեմ մեղադրանքը… Իմ ծնողը ինձ չի զոհաբերել ոչ մի տեղ… Ժամանակը կգա, իմ ծնողը ցուցմունք կտա, թե ով ա իրեն պայմաններ առաջադրել…»:

Գնել Թևոսյանը նշեց. «Առաջինը՝ պատճառ չկար, որ ես մարդ սպանեի, ես Հայկազի հետ ոչ մի խնդիր չունեի… Էս մարդիկ՝ մյուս ամբաստանյալները, իմ ընկերները չեն եղել, հիմա մենք բախտակից ենք, մենք երբեք իրար հետ չենք խմել, իրար հետ սպանության չենք գնացել…»:

Դիմելով տուժողի իրավահաջորդին՝ Գնել Թևոսյանն ասաց. «Ես աստվածավախ մարդ եմ, ես ձեզ խոստանում եմ՝ անձամբ ձեզ հետ կգամ ձեր տղայի գերեզմանին…»:

Տուժողի իրավահաջորդը նույնպես դիմեց Գնել Թևոսյանին. «Դու սցենարով հիմա խոսում ես, բայց դու երեսունից ավել վկաներին մեղադրում ես սցենարով գրելու համար…»:

Գնել Թևոսյանը նշեց. «Էդ երեսունը իմ վրա գրել են՝ դե, տղա են, չեն դիմացել, գրել են, շառ են արել… Եթե էդքան ճշմարտախոս էին, եթե ուժեղ տղա էին, թող վեր կենային, չթողային Հայկազին սպանեն, թող գոռային, կապիտանին կանչեին…»:

Տուժողի իրավահաջորդը նկատեց՝ ըստ ամբաստանյալի՝ ամենաուժեղ տղան ինքն է՝ միայն ինքն է դիմացել, մնացած բոլորը չեն դիմացել… Նույն վկաները ամենաբացասական բնութագիրը տվել են հենց Գնել Թևոսյանին, մյուս ամբաստանյալներին, օրինակ՝ Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին դրական բնութագրել են, դրական գծեր են նշել՝ մեկը լավ է սովորել, մյուսը լավ կազմակերպիչ է եղել… Բայց Գնելի մասին միայն բացասական բաներ են ասել, նշել են՝ արտոնյալ էր իրեն համարում, բոլորին վերևից էր նայում… Գնելը՝ որպես վատ սովորող, ընդհանրապես պիտի ազատ արձակումներ չունենար, պիտի սերժանտ չլիներ, բայց նրան բոլոր արտողնությունները տրվել են. «Դու ստեղ էլ ես ուզում քեզ ցույց տալ՝ էդպես ես խոսում»:

Գնել Թևոսյանն ասաց. «Դուք ինձ ուրիշ՝ թշնամու աչքով եք հիմա նայում, ես ընդունում եմ՝ որպես ծնող… Բայց եթե ես ուրիշների վրա չեմ գրել, ուրեմն նշանակում է մարդակեր մարդասպա՞ն եմ… Իմ ծնողը 28 տարի ծառայել ա, հունվարի 28-ին պատվոգիր ա ստացել, իսկ հունվարի  29-ին դարձել ա ազգի դավաճան… Ես մյուս երեք ամբաստանյալների տեղը չեմ կարա խոսամ, բայց մի վայրկյան անգամ չեմ կարա կասկածեմ, որ իրանք արած լինեն սպանությունը…»:

Այնուամենայնիվ, Գնել Թևոսյանն ընդունեց, որ եթե ըստ իր ասածի՝ ինքը դեպքի պահին Հայկազ Բարսեղյանի սենյակում չի եղել, ապա չի կարող հաստատապես իմանալ՝ ի՞նչ է այնտեղ կատարվել…

«Տղերքն են ինձ ասել՝ դատարան գնալ-գալու ժամանակ… Իրանք հունվարի 28-ին իրար հետ հաց են կերել ու գնացել են քնելու… Ես այլ հիմնավոր տեղեկություններ չունեմ…»:

Գնել Թևոսյանը նշեց, թե իր նախաքննական ցուցմունքները պնդում է, դատարանում ինքը ուղղակի ավելացումներ կատարեց…

Դատական հաջորդ նիստին պարզ կլինի՝ դատարանը կհրապարակի՞ Գնել Թևոսյանի նախաքննական ցուցմունքները, թե՞ էական հակասություններ չի արձանագրի ու կանցնի մյուս ամբաստանյալների հարցաքննությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում