ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը աննախադեպ է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական նամակը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության կապակցությամբ: «Սա աննախադեպ էր այն իմաստով, որ այն արագ, ժամանակին, բարի և ավելի ճիշտ ընկալելի շնորհավորանք էր՝ կատարված հենց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական բարեփոխումների, գործողությունների և մեր երկրում կատարված փոփոխության հիման վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այսպիսի բան եղել է միայն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1-ին ընտրությունից հետո:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Թրամփը շնորհավորել է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևին, մեր զրուցակիցը նկատեց. «Չմոռանանք, որ Ալիևի հետ ինքն ունի նավթային հետաքրքրություններ, շահեր»:
«Ես հավատում եմ այն գործընթացին, որտեղ ամեն մարդ ինքը պետք է իր բաժին աշխատանքը կատարի: Կոռուպցիան վերանում է այն երկրներում, որտեղ այդ երկրի բնակչությունն է ցանկանում»,- ասաց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ հիմա լավագույն պայմաններն են ստեղծվել կոռուպցիայի դեմ պայքարելու համար, և այժմ արդեն առաջին տեղաշարժերը նկատելի են:
Մանրամասները՝ տեսանյութում: