Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

«Փողոց դուրս եկած ցանկացած հայ, սկսած Փաշինյանից, Պուտինի անձնական թշնամին է»

Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը:

– Պարոն Պորտնիկով, ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ վերլուծում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, «թավշյա հեղափոխությունը»: Ի՞նչ գործոններ նպաստեցին դրան:

Հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, մի քանի անգամ շեշտեց, որ դրանք նման չեն ուկրաինական «մայդանին»: Ես հակառակ կարծիքն ունեմ: Ես կարծում եմ, որ սա դասական ուկրաինական «մայդան» է, սրանք հետխորհրդային տարածությանը բնորոշ դասական իրադարձություններ են: Հնարավոր է, որ դրանք այդքան նման չեն Ուկրաինայի 2013-14 թթ. իրադարձություններին, երբ Ուկրաինայի իշխանություններն ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ: Այդ իրադարձությունները շատ նման են Հայաստանում 2008 թ. տեղի ունեցած իրադարձություններին: Կարծում եմ, որ Հայաստանի վերջին իրադարձությունները շատ են հիշեցնում «նարնջագույն հեղափոխությունը» Ուկրաինայում 2004 թվականին, երբ քաղաքացիները հասկացան, որ իշխանությունը երկրում չի կարող փոխվել ընտրությունների միջոցով, քանի որ ընտրական համակարգն ամբողջությամբ մոնոպոլիզացված է իշխող խմբի կողմից, և ընտրությունները վերածվել են ձևական միջոցառման: Եվ քաղաքացիները դուրս եկան փողոց, որպեսզի պաշտպանեն նախագահի պաշտոնում իրենց թեկնածուին ընտրելու իրենց իրավունքը:

Հայաստանում նման իրավիճակ է: Երբ Սերժ Սարգսյանն առաջարկեց փոխել երկրի սահմանադրական կարգը և անցնել խորհրդարանական կառավարման համակարգին, – ի դեպ, նույն բանը ժամանակին նույնանման նպատակով առաջարկել է նաև Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման. մեզ մոտ կար այդպիսի ծրագիր 2004 թ. նախօրեին, – խոստացավ, որ չի առաջադրվի երկրի ղեկավարի պաշտոնում: Խորհրդարանական հանրապետությունն այն համակարգն է, որն ավելի հարմար է հայկական ժողովրդավարության զարգացման համար, և ես ամբողջությամբ համամիտ եմ նրա հետ այս հարցում, որովհետև ես ինքս խորհրդարանական հանրապետության վճռական կողմնակից եմ: Սակայն Սերժ Սարգսյանը խաբեց իր հայրենակիցներին, որ չի պատրաստվում մնալ իշխանության ղեկին, և ես կարծում եմ, որ դա լուրջ քաղաքական սխալ էր: Եվ մենք տեսանք, որ Հայաստանի քաղաքացիները արձագանքեցին ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնք, ըստ էության, կանխորոշված էին մինչև ընտրությունները, այլ նրան, որ այդ արդյունքները բերեցին պարոն Սարգսյանի՝ իշխանությունը պահպանելու ցանկությանը: Եվ պարզվեց՝ փողոցն իր գործողություններում շատ ավելի ուժեղ է, քան այն ուժերը, որոնք փորձում են ընտրությունների միջոցով ապահովել իրենց լիազորությունների շարունակումը: Եվ այս իմաստով Հայաստանի իրադարձություններն ուկրաինական «մայդանների» արձագանքն են, որովհետև Ուկրաինայի դեպքում հենց փողոցը կարգավորեց ընտրական ցիկլը և փոխեց ընդհանուր հասարակական տրամադրությունները: Սա է տեղի ունենում Հայաստանում: Բայց դա իրադարձությունների առաջին փուլն է: Հաջորդ փուլը կսկսվի այն ժամանակ, երբ փողոցի թեկնածուները կգան իշխանության: Հաջորդ իրադարձությունները կսկսվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կփոխվի խորհրդարանի կազմը, և այդ ժամանակ մենք կտեսնենք, թե որքանով են ունակ այն ուժերը, որոնք փողոցային ցույցերի արդյունքում կգան իշխանության, և ինչպիսին են քաղաքացիների իրական սպասումներն այս ուժերից:

– Այնուամենայնիվ, կարծես մի տարբերություն կա Ուկրաինայի և Հայաստանի իրադարձությունների միջև. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր գլխավորած շարժումը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստեր և արտաքին քաղաքական կողմնորոշման հարց չի դնում:

– Ուզում եմ նշել, որ մեզ մոտ էլ չկար աշխարհաքաղաքական ենթատեքստ: Աշխարհաքաղաքական համատեքստի մասին պարոն Փաշինյանի բոլոր հայտարարությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ նա, ինչպես և Հայաստանի շատ քաղաքացիներ, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին հետևում է ռուսական հեռուստատեսությամբ: Ուզում եմ ձեզ հիշեցնել մի պարզ բան, որ 2004 թ. «նարնջագույն հեղափոխությունը» տեղի ունեցավ այն պատճառով, որ կեղծվել էին նախագահական ընտրությունների արդյունքները: Այստեղ աշխարհաքաղաքական որևէ համատեքստ չկար, պարզապես մարդիկ չուզեցին հաշտվել անարդարության հետ և փորձեցին պաշտպանել իրենց ձայները: Ինչ վերաբերում է 2013-14 թթ. «մայդանին», ապա իսկապես այն ժամանակ բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ պարոն Յանուկովիչն անսպասելիորեն հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Ի դեպ, Ուկրաինայի նախկին նախագահն արեց այն, ինչ արեց նաև Հայաստանի նախկին նախագահը: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին չնախաստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Բայց դրանք զանգվածային ցույցեր չէին, այլ մի քանի քաղաքներում կազմակերպվեցին ուսանողական ելույթներ, իսկ զանգվածային ցույցերը Ուկրաինայում սկսվեցին այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները ծեծեցին ուսանողներին, և դա չուներ որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ, ուղղված չէր որևէ երկրի դեմ: Քաղաքացիները պարզապես պաշտպանում էին խաղաղ հավաքներ իրականացնելու իրենց համերկրացիների իրավունքը: Աշխարհաքաղաքական համատեքստն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ այս շարժման հաղթանակից հետո Ռուսաստանը պատերազմ սկսեց մեր դեմ՝ անեքսիայի ենթարկելով Ղրիմը և պատերազմ սկսելով Դոնբասում, բայց Մայդանը աշխարհաքաղաքական ենթատեքստ չի ունեցել: Մայդանում ելույթ են ունեցել ինչպես ամերիկացի ու եվրոպացի, այնպես ռուսաստանցի դեմոկրատական քաղաքական գործիչները: Ես ինքս Մայդանի հարթակից դիմել եմ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին՝ կոչ անելով աջակցել ժողովրդավարական շարժմանը Ուկրաինայում: Դա տեղի ունեցավ անմիջապես սենատոր Մաքքեյնի ելույթից հետո: 2013-14 թթ. Մայդանում կային Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի դրոշներ: Եվ դուք գիտեք, որ Մայդանում ուկրաինացի իրավապահների ձեռքով սպանված առաջին մարդը ազգությամբ հայ էր:

Կրկնում եմ՝ պարոն Փաշինյանը սխալվում է: Նա բողոքական շարժման տիպիկ առաջնորդ է, մի շարժման, որը ուկրաինական «մայդանի» արձագանքն է և ոչ ավելին: Այլ հարց է, որ նա ստիպված է լինում բանակցություններ վարել ռուսաստանցի պատգամավորների, քաղաքական գործիչների հետ, և պարզ է, թե ինչու. որովհետև Հայաստանը շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական կախվածության մեջ է Ռուսաստանից, քան Ուկրաինան: Եվ այս իմաստով պարոն Փաշինյանը սխալ է, քանի որ հենց այդ կախվածության պատճառով հայկական բողոքական շարժման մեջ ավելի շատ աշխարհաքաղաքական համատեքստ կա, քան ուկրաինականում: Բայց ուզում եմ նշել մի պարզ բան՝ եթե Հայաստանի նոր կառավարությունը փորձի ինչ-որ կերպ փոխել ոչ միայն երկրի արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական առաջնահերթությունները՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարի, կլանային կախվածության հաղթահարման, տնտեսության զարգացման հետ, անմիջապես կբախվի Ռուսաստանի դիմադրության հետ, որովհետև Ռուսաստանը երաշխավորն է ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև այդ երկրում կոռուպցիոն, կլանային համակարգի, որի դեմ են հանդես գալիս ցուցարարները: Իսկ եթե պարոն Փաշինյանը, գալով իշխանության, փորձի շարունակել Սերժ Սարգսյանի կուրսը, ապա անխուսափելիորեն կբախվի նոր բողոքի ցույցերի և նոր առաջնորդի հետ, որն արդեն իր դեմ հանդես կգա:

Ուստի կարելի է ասել, որ այն մարդը, որը կարծում է, թե Հայաստանի բողոքական շարժումը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, ծուղակի մեջ է: Հայկական բողոքը, ըստ էության, բողոք է խաղի այն կանոնների դեմ, որը հետխորհրդային տարածությունում հաստատել է Վլադիմիր Պուտինը: Խաղի այդ կանոնները կապված են իշխող կլանների անփոխարինելիության հետ: Ըստ այդ կանոնների, իշխանության հարցը լուծվում է կաբինետներում, ոչ թե փողոցում: Ուստի պետք է ազնվորեն ասել, որ այս օրերին փողոց դուրս եկած յուրաքանչյուր հայ բողոքում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ռուսական քաղաքական ռեժիմի և անձամբ Վլադիմիր Պուտինի դեմ: Ցանկացած հայ՝ սկսած Նիկոլ Փաշինյանից մինչև փողոցում գտնվող վերջին թոշակառուն և ուսանողը, Վլադիմիր Պուտինի և ռուսական ռեժիմը պաշտպանող ցանկացած ռուսաստանցու անձնական թշնամին են:

– Գուցե Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարություններն անում է այն պատճառով, որ մտավախություննե՞ր ունի, որ Ռուսաստանի դեմ խոսելու դեպքում Մոսկվան կարող է միջամտել և խանգարել շարժմանը:

Ես հասկանում եմ, որ պարոն Փաշինյանը քաղաքական գործիչ է և հասկանում եմ, թե ինչու է նման հայտարարություններ անում, բայց ես ունեմ մի հարց՝ ինչպե՞ս է նա պատրաստվում ղեկավարել երկիրը: Եթե նրա միակ նպատակն է դառնալ վարչապետ և աշխատել նույն հունով, որով աշխատել են իր նախորդները՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ապա նա դատապարտված է պարտության: Այդ դեպքում պարզ չէ նրա քաղաքական պայքարի իմաստը:

– Մեր նախորդ զրույցի ընթացքում դուք ասացիք, որ նախկին խորհրդային ցանկացած պետություն, որն ընտրում է իրական անկախության և զարգացման ուղին, ստիպված կլինի լքել հետխորհրդային տարածաշրջանում գործող ինտեգրացիոն կազմակերպությունները՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ: Գուցե Հայաստանում տեղի ունեցողը նոր միտո՞ւմ է, թե՞ սա պարզապես Հայաստանի առանձնահատկությունն է:

Խնդիրն այն է, որ Հայաստանի մասնակցությունը հետխորհրդային ինտեգրացիոն կառույցներին զգալի չափով ձևական է, որովհետև Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես հասկանում եք, չի կարող ամբողջությամբ իրականացվել այն պատճառով, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման այդ կազմակերպության երկրների հետ: Սա առաջին հանգամանքն է: Երկրորդը, կարելի է ասել, որ կարևոր հանգամանք է Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին, բայց ես մեծ դժվարությամբ եմ պատկերացնում այն, որ ՆԱՏՕ-ի մի անդամ պետություն կարող է զենք մատակարարել ՆԱՏՕ-ի մեկ այլ պետության հակառակորդին: Դուք նման բան պատկերացնո՞ւմ եք: Բայց Հայաստանի պարագայում դա իրականություն է: ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, և Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին՝ ընդ որում այնպիսի ծավալներով, որոնք չեն կարող համեմատվել Հայաստանին մատակարարվող զենքի ծավալների հետ: Այդ պատճառով կարծում եմ, որ Հայաստանի մասնակցությունը հետխորհրդային ինտեգրացիոն կառույցներին զուտ ձևականություն է, որն արտացոլում է Երևանի քաղաքական կախվածությունը Մոսկվայից և մի շարք պարտավորություններ է դնում Հայաստանի վրա, բայց ոչինչ չի պարտավորեցնում Ռուսաստանին: Դա ինտեգրացիա չէ, այլ գաղութային իրավիճակ:

– Հայաստանի հեղափոխական այս ալիքը կարո՞ղ է տարածվել դեպի Հայաստանի հարևան երկրներ, օրինակ՝ Ադրբեջան, Թուրքիա, դեպի հետխորհրդային երկրներ: Կարո՞ղ է նոր թրենդ դառնալ այս տարածաշրջանում:

– Կարծում եմ, որ ցանկացած հետխորհրդային պետություն՝ սկսած Ադրբեջանից և Հայաստանից, վերջացրած Ուկրաինայով, սպառել է իրեն որպես կառավարման մոդել, ուստի իմ կարծիքով՝ ճգնաժամը բոլոր այս երկրներում անխուսափելի է՝ մի տեղ ավելի շուտ, մի տեղ ավելի ուշ: Ես ձեզ չեմ ասելու, թե Հայաստանի հեղափոխական ալիքը կտարածվի հարևան երկրներում, որովհետև ձեզ, ինչպես և շատ հաճախ ուկրաինացիներին, թվում է, թե նոր հեծանիվ եք հորինում, բայց իրականում Հայաստանի հեղափոխական ալիքը Ուկրաինայի հեղափոխական ալիքի արձագանքն է: Ճիշտ նույն ձևով Ուկրաինայի հեղափոխական ալիքը Վրաստանի հեղափոխական ալիքի արձագանքն էր, և այսպես շարունակ: Եվ սրանք պետական անարդյունավետության ալիքներն են, քանի որ պետությունը չի կարողանում աշխատել հանրության հետ, իշխող վերնախավը կտրված է բնակչությունից, և բացակայում են զարգացման լուրջ հեռանկարները:

– Իսկ ի՞նչ կլինի սրանից հետո:

– Ընդհանրապես ես կարծում եմ, որ Հայաստանն ունի ունիկալ քաղաքական և տնտեսական հնարավորություններ: Հայաստանը կարևոր քաղաքակրթական կենտրոն է Կովկասում և կապող օղակ Հայաստանի հայերի և սփյուռքահայության միջև, բայց նախ պետք է գտնել ղարաբաղյան հարցի լուծումը, որպեսզի այդ հնարավորությունները դրսևորվեն: Ուզում եմ ձեզ մի պարզ բան ասել, որ ցավոք սրտի, Հայաստանը ոչ միայն իր ավտորիտար վարչակարգի, այլև Ղարաբաղի գերին է: Ես կասեի՝ Հայաստանը նախ և առաջ Ղարաբաղի գերին է, իսկ հետո՝ ավտորիտարիզմի: Քանի դեռ Ղարաբաղի հարցը այս կամ այն կերպ չի լուծվել, և չեն բացվել սահմանները Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև, Հայաստանը չի ստացել անվտանգության երաշխիքներ իր հարևաններից, տնտեսական և քաղաքական վիճակը ձեր երկրում, ցավոք սրտի, էապես չի փոխվի: Հնարավոր չէ բարելավել կյանքը, եթե չկան ռեսուրսներ, իսկ այդ ռեսուրսներն ընկած են Հայաստանի գեոստրատեգիական դրության հիմքում: Ռուսական ռազմաբազան չի փոխարինի այդ ռեսուրսները: Եվ դա պետք է ազնվորեն խոստովանել և հարց տալ երկրի նոր ղեկավարությանը: Եթե նա պատրաստվում է պահպանել ստատուս-քվոն Ղարաբաղի հարցում, ապա նա ավտոմատ կերպով կպահպանի ստատուս-քվոն Հայաստանի բնակչության աղքատության, անելանելիության և արտագաղթի առումով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում