Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակիչները այսօր ակցիա են կազմակերպել` բողոքելով Մոլդովական փողոցում կանաչապատ գոտին վերացնելու դեմ: Թեև պուրակի մուտքին գրված է. «Պահպանվում է ՀՀԿ երիտթևի կողմից», այդուհանդերձ այստեղ շինարարական աշխատանքներ են սկսվել, և բնակիչների ու շինարարության տնօրենի հավաստիացմամբ, պետք է կառուցվի 18-հարկանի բնակելի շենք: Մարդիկ բողոքում էին, որ պուրակը վերացնում են, հեթանոսական դարաշրջանի հուշարձանները՝ ավերվում, ծառեր են հատվում:
Բողոքի ակցիային միացավ նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Քաղաքապետարանից ժամանած բնապահպանության վարչության պետն ու նրա տեղակալը կարողացել են կանգնեցնել ծառահատումը:
Ինչպես «Առաջին լրատվականին» հաղորդեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանը, շինարարության տնօրենը պնդել է, որ իրենք ունեն անհրաժեշտ բոլոր թույլտվությունները:
Ծառահատումը դադարեցնելուց հետո բնակիչներն նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին և քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին:
Հիշեցնենք, որ պուրակի դեմ առաջին «ոտնձգությունը» եղել էր դեռևս 2002 թվականին, երբ պուրակը փորձել էին վերածել գազալցակայանի, սակայն քաղաքապետի որոշմամբ, այդ գործընթացը կասեցվել էր: