ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի՝ անհապաղ երկխոսություն սկսելու կոչին և կրկնել հանրահավաքի ընթացքում ներկայացրած իր նախապայմանները: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկխոսության դեպքում պատրաստ են քննարկել միայն Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռացման պայմանները:
«Մենք վենդետաներ, վրեժխնդրություններ չենք ուզում: Հայաստանում ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է, հանրության ներսում թշնամանք չպետք է հարուցենք: Սերժ Սարգսյանին կոչ եմ անում ընդունել մեր պայմանները»,- ասաց Փաշինյանը:
Միաժամանակ, ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց, որ Հայաստանում մարտի մեկը չի կարող կրկնվել: «Չեմ կարծում, որ կա ոստիկան, որը պատրաստ է մեզ վրա կրակել, հայ ազգի ցանկացած ներկայացուցչի կրակոց պետք է ուղղված լինի շփման գծից այն կողմ»,- ասաց Փաշինյանը: