«Իմ կարծիքով՝ սա դեռ հեղափոխություն չէ։ Սա ըմբոստություն է իշխող կարգերի դեմ։ Հեղափոխության համար պետք է ունենալ իդեոլոգիա, որն այս ըմբոստությունը կտանի կոնկրետ ճանապարհով, և այդ ժամանակ նա կարող է դառնալ լիարժեք հեղափոխություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գրող Արամ Ավետիսը։
Խոսելով այն մասին թե ինչու չի լսվում գրողների ձայնը, երիտասարդ գրողը պատասխանեց. «Գրողները հեղափոխություն անում են գրականության մեջ՝ գրքերում։ Իհարկե, գրողներ կան, ովքեր գտնվում են ցուցարարների կողքին, և նրանք, ովքեր բողոք են արտահայտում հարցազրույցներում և հոդվածներում։ Դա մի ուժ է, որ հարվածում է տարբեր շերտերից։ Այս ճնշումը ես զգում էի վաղուց և ազատ արտահայտվում էի դրա մասին։ Սա նորություն չէ, այս ամենը արդեն քանի տարի մեր կողքին է, և ամեն մեկս յուրովի արձագանքել ենք դրան»։
Վաղվա օրվա մասին խոսելիս Ա. Ավետիսը նկատեց, որ վաղվա օրը աբստրակտ հասկացողություն է. «Ես ուզում եմ, որ այս օրը լինի կոնկրետ գործողությունների օր։ Եվ հենց այս օրը թող լինի այն օրը, որը կհիշվի որպես փոփոխությունների սկիզբ»։
Իսկ թե ի՞նչ է տալիս «թավշյա հեղափոխությունը» բուն հեղափոխության գաղափարից դուրս, գրողի պատասխանը հետևյալն էր. «Այս շարժումը մեզ ցույց տվեց, որ այս օրգանիզմը դեռ մեռած չէ, հակառակը՝ նա ունի արժանապատվություն, և ամենակարևորը՝ այն երիտասարդ է»։