Genesis մրցանակը, որը նաև «հրեական Նոբել» են անվանում, չեղարկել են ամերիկյան դերասանուհի Նատալի Պորթմանի պատճառով,- հաղորդում է Associated Press-ը:
Մրցանակի դափնեկիր Նատալի Պորթմանը հրավիրված էր հանձնման հանդիսավոր արարողությանը հունիսին, սակայն հիմա ստիպված է եղել հրաժարվել Իսրայել այցելությունից՝ երկրում կատարվող իրադարձությունների պատճառով:
Ինչպես պատմել է դերասանուհու ներկայացուցիչը՝ «այժմ նրա համար ընդունելի չէ մասնակցել Իսրայելում կազմակերպվող ցանկացած հասարակական միջոցառման»:
Թե հատկապես որ իրադարձություններն են հուզել դերասանուհուն, չի հաղորդվում, սակայն վերջին շաբաթների ընթացքում Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին, բողոքի ակցիաների արդյունքում 28 պաղեստինցի է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են իսրայելական զորքերի կողմից՝ սահմանի պաշտպանության շրջանակներում: