Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին զբաղվել իր գործերով, ի պատասխան ԱՄՆ-ի քննադատության՝ արտակարգ դրության պայմաններում Թուրքիայում ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը հայտարարեց, որ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անց են կացվելու 2018 թվականի հունիսի 24-ին: Ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը՝ Թուրքիային դժվար կլինի ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնել արտակարգ դրության պայմաններում:
«Ես ԱՄՆ-ին ուղերձ ունեմ. թող առաջին հերթին իրենց հարցերով զբաղվեն: Ամերիկայում մինչև հիմա չեն ավարտվել սեփական ընտրությունների վերաբերյալ քննարկումները: Եթե ամերիկացիներն ուզում են տեսնել, թող գան Թուրքիա և նայեն, թափանցի՞կ են մեր ընտրությունները, թե՝ ոչ»,- հայտարարել է Յըլդըրըմը լրագրողներին՝ մեկնաբանելով Նաուերտի խոսքերը: