ԱՄՆ իշխանությունները մտադիր են արագացնել իրենց դաշնակիցներին զենքի և տեխնիկայի մատակարարումները։ Այս մասն չորեքշաբթի հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ այժմ քննարկվում են «ամերիկյան տեխնիկան Ճապոնիային վաճառելու» գործընթացն արագացնելու հնարավորությունները։
«Մենք ակտիվացնում ենք մեր ջանքերը ոչ միայն Ճապոնիայի, այլև մյուս դաշնակիցների հետ կապված, որպեսզի, երբ նրանք մեզ մոտ տեխնիկա են պատվիրում, կարողանանք արագ փոխանցել»,-ասել է ԱՄՆ առաջնորդը։
«Որոշ դեպքերում պատվերները կատարելու համար տարիներ էին անհրաժեշտ՝ ներքին գործերի նախարարությունում, պետքարտուղարությունում թղթաբանության պատճառով։ Մենք դա կրճատում ենք։ Այժմ դա մի քանի օր կտևի։ Եթե նրանք մեր դաշնակցիներն են, մենք կօգնենք նրանց անհրաժեշտ, հիանալի ռազմական տեխնիկա ստանալ»,-վստահեցրել է նա։