Հաջորդ տարի` 2019 թվականին, բնակչության ֆինանսական գրագիտությունը ուսումնասիրող սոցիոլոգիական հարցում կանցկացվի: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: «Նմանատիպ հարցումներ անցկացվել են Համաշխարհային բանկի, OCED/INFE ֆինանսական գրագիտության միջազգային ցանցի կողմից, իսկ ամենահիմնարարը Կենտրոնական բանկի կողմից իրականացված հարցումն էր 2014-ին: Համաձայն այդ հետազոտության` 18-ից բարձր բնակչության 44 տոկոսը ֆինանսապես գրագետ է: Հաջորդ տարի մենք կազմակերպելու ենք նմանատիպ հարցում, քանի որ 5 տարին մեկ են անցկացվում դրանք»,-նշեց ԿԲ խորհրդի անդամը: Սոցիոլոգիական հարցումը կներառի ամբողջ Հայաստանը` իրականացված ներկայացուցչական սկզբունքով:
ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կոորդինատոր Սևակ Միքայելյանն էլ նշեց, որ անընդհատ անցկացվում են ընթացիկ հարցումներ այս կամ այն միջոցառումների արդյունքների գնահատման, դրանց շտկման նպատակով: «Թերթիկներ են բաժանվում միջոցառումների մասնակիցներին, որոնցով չափում ենք նրանց բավարարվածության չափը, որպեսզի բարելավենք միջոցառումների ընթացքը, ավելի հարմարեցնենք լսարանի պահանջներին»,-նշեց Սևակ Միքայելյանը:
Ապրիլի 16-ին մայիսի 30-ին հինգերորդ անգամ կանցկացվի ֆինանսական նոր գիտելիքի և հմտությունների զարգացմանն ուղղված «Իմ ֆինանսների ամիս 2018» ծրագիրը: