Այն, ինչ հիմա կատարվում է Երևանի փողոցներում, դասական իմաստով դժվար է քաղաքական գործընթաց անվանելը:
Դեռ երեկ պարզ էր, որ փողոցային ընդդիմությունը դիմելու է քաոտիկ գործողությունների, որոնք շատ հաճախ չեն ունենալու կոնկրետ պատասխանատուներ: Մեծ հաշվով՝ «Մերժիր Սերժին» գործընթացը քաղաքական հաջողության շանսեր չունի, սակայն կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, այդ թվում՝ բախումների, որոնք կարող են նույնիսկ մարդկային կորուստների պատճառ հանդիսանալ:
Արտաքուստ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանի ֆորմալ բացակայությունը իշխանության մեջ կաթվածահար է արել համակարգը՝ այն զրկելով որոշում կայացնելու հատկությունից: Հարցն այն չէ, որ իշխանությունը չի տիրապետում ֆորս-մաժորային լոկալ իրավիճակը հանգուցալուծելու գործիքակազմին: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի ֆորմալ բացակայության ֆոնին որևէ մեկը չի ցանկանում ստանձնել որոշում կայացնելու պատասխանատվություն: Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ համակարգի տարբեր սեգմենտներ շահագրգռված են իրավիճակի էսկալացիայով, առնվազն կառավարելի քաոսով: Սա նշանակում է, որ ներհամակարգային կոնսենսուսը, մեղմ ասած, չունի ինստիտուցիոնալ հիմք, և իշխանությունները նույնպես պատրաստ չեն ինստիտուցիոնալ նոր իրողությունների, ինչի հետևանքով տուժում է օպերատիվ կառավարման որակը:
Իշխանությունը, ըստ էության, մատնված է անգործության և չի կատարում իր սահմանադրական առաքելությունը: Նման իրավիճակում իշխանությունը կանգնած է երկընտրանքի առջև:
Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների գործողություններն անցած օրերին առնվազն գտնվել են իրավազանցության սահմանագծին, ինչը լեգիտիմացնում է իշխանության ուժային միջամտությունը: Եթե իշխանությունները չեն դիմում համարժեք գործողությունների, ապա կա՛մ թերագնահատել են ընդդիմության ներուժը, կա՛մ հակառակը՝ վստահ չեն, որ ուժային գործողություններով կարող են հանգուցալուծել իրավիճակը: Իհարկե, ապրիորի հնարավոր է, որ իշխանության ներսում գործում են սաբոտաժային տրամադրություններ:
Մյուս կողմից` եթե իշխանությունները կարծում են, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով, ապա պարտավոր են երկխոսության գնալ ընդդիմության հետ:
Չնայած տվյալ դեպքում հրապարակի հետ երկխոսությունը ենթադրում է, որ իշխանությունները պետք է նահանջեն սահմանադրական դիրքերից, որովհետև վարչապետի ընտրության հետաձգումը կամ որևէ այլ կոմպրոմիս այս հարցում ինքնին հակաքաղաքական և հակաիրավական է:
Ակնհայտորեն երևանյան զարգացումները չեն կարող հանգեցնել իշխանափոխության, մյուս կողմից՝ էական ազդեցություն կարող են ունենալ համակարգի ներսում նոր ստատուս քվոյի ձևավորման կամ ուժերի հարաբերակցության վրա: Տեսականորեն չի բացառվում, որ կառավարելի քաոսը քաջալերվում է հենց Սերժ Սարգսյանի կողմից, որը թերևս հիմքեր է ստեղծում համակարգային արմատական ֆիլտրումների համար:
Համենայնդեպս, ապրիլի 18-ին մենք իրապես արթնանալու ենք նոր Հայաստանում, որտեղ այլ է լինելու նաև իշխանության բովանդակությունը:
Լուսանկարը՝ Photolure-ի