Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հուշագիր են ստորագրել՝ պաշտպանության ոլորտում փոխըմբռնման և համագործակցության մասին։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը։
Փաստաթուղթը ստորագրվել է Թուրքիայի Գիրեսուն քաղաքում՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ (Լևան Իզորիա, Նուրեթին Ջանիքլի, Զաքիր Հասանով)։ Հուշագիրը թույլ կտա ավելի ընդլայնել 3 երկրների համագործակցությունը պաշտպանության ոլորտում։
Եռակողմ բանակցությունների արդյունքները նախարարներն ամփոփել են համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։ Նրանք նաև խոսել են նախագծերի մասին, որոնք ծրագրված են ստորագրված հուշագրի շրջանակում։
Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափը ստեղծվել է 2014-ի օգոստոսին՝ Նախիջևան քաղաքում, որտեղ առաջին անգամ տեղի է ունեցել 3 երկրների պաշտպանության նախարարների առաջին հանդիպումը։