Եվրոպական շուրջ 20 երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին, որոնք իբր կապված են «Մոսկվայի լրտեսական ցանցերի հետ»։ Նման որոշում նրանք մտադիր են կայացնել Մեծ Բրիտանիայի հետ համերաշխությունից ելնելով, որը Մոսկվային մեղադրում է նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու մեջ։ Այս մասին գրում է The Times-ը։
Ամենայն հավանականությամբ, արտաքսման գործընթացը կսկսվի մարտի 26-ին 4 շաբաթով Ռուսաստանում Եվրամիության դեպսան Մարկուս Էդերերին հետ կանչելով։
The Times-ը հստակեցնում է, որ ակցիային կմասնակցեն Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդեռլանդները, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Չեխիան, Դանիան և ևս 9 երկիր։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է եվրոպական երկրներին համոզել ռուսական դիվանագիտական ծառայությունների աշխատակիցներին հայրենիք ուղարկել։ Մինչ այդ Լոնդոնն ինքն է նման կերպ վարվել։