Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ընդդիմությունը փորձում է հասնել իշխանափոխության. այն դատապարտված է ձախողման

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում Ժիրայր Սեֆիլյանին 10 տարի 5 ամիս ազատազրկման դատապարտելու դատարանի վճիռը։ Շատերը նշում են, որ սա քաղաքական որոշում էր։

-Ես իմ գնահատականը տվել եմ վաղուց, երբ դատախազն իր խոսքում պահանջեց 11 տարվա ազատազրկման դատապարտել Սեֆիլյանին։ Դա դատարան չէր, այլ Ժիրայր Սեֆիլյանի դեմ ուղղված ակցիա, միջոցառում էին իրականացնում։ Սեֆիլյանի պաշտպաններից Տիգրան Եգորյանը շատ հստակ ու պարզ ձևակերպեց, որ դատավորը չի համապատասխանում իր պաշտոնին տարբեր առումներով՝ հոգեբանական, կրթական, գիտելիքների, կոռեկտության, էթիկայի և ընդհանրապես իրավաբանության։ Վերջին տարիներին ես առաջին անգամ ուրախացա, որ նման երիտասարդ իրավաբան ունենք։ Այդ օրը ես ինձ մի տեսակ խեղճացած զգացի, որ մեր հայ արդարադատություն իրականացնող դատավորը նման խղճուկ վիճակում է հայտնվել։ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ոչ մի արդարադատություն չկար, ամբողջությամբ հաշվեհարդար էր։ Սա ինձ հիշեցրեց 1918 թվականին Սարդարապատի ճակատամարտը, երբ դրանից երկու տարի անց՝ 1920 թվականին, երբ իշխանության եկան բոլշևիկները, ինչպիսի հաշվեհարդար տեսան Սարդարապատի ճակատամարտի հերոսների նկատմամբ։ Պատճառաբանություններն այն ժամանակ նույնպես, այսպես կոչված, հիմնավորված էին, հիմա էլ այսպես կոչված, հիմնավորված են։ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների նկատմամբ ակնհայտ հաշվեհարդար իրականացրին։ Գևորգ Սաֆարյանին արդեն դատապարտել էին, դուրս գալու ժամանակն էր ու հիմա նորից դատապարտեցին։ Այսինքն՝ սա ոչ թե դատապարտում է, այլ հաշվեհարդար։ Ես բազմիցս նշել եմ քանի-քանի գեներալների անուններ, որոնք բանակից գողություններ են արել։ Մեկ ամիս ընթացել է դատաքննություն, փաստացի ապացուցել եմ, որ տեղի է ունեցել քրեական մեծ հանցագործություն։ Արդյունքում ի՞նչ արեցին, ոչինչ չարեցին, որովհետև այդ մարդիկ իրենց համակիրներն են և նրանց նույնիսկ զգուշացում չտվեցին, որ նման գողություններ ու շորթումներ չանեն։ Ու հիմա այդ դրամաշորթումներն ու մյուս հանցանքները շարունակվում են։

Տեսեք, թե ինչի համար է Ժիրայր Սեֆիլյանը ճաղերի հետևում։ Նա ոչ միայն երկրում տեղի ունեցող անարդարությունների նկատմամբ է ձայն բարձրացրել, այլև, արտաքին առումով, երկրի ինքնիշխանությունը հանձնելու դեմ է բողոքել։ Այսինքն՝ երբ ստորագրվել է ԵՏՄ-ին միանալու որոշումը։ Հիմա կարճ խելք ունեցողները, Ազգային ժողովի այսպես կոչված պատգամավորները թող տեսնեն, ԵՏՄ-ն մեզ երջանկություն բերեց, թե դժբախտություն, թող տեսնեն՝ 2015 թվականից հետո Հայաստանն ինչպես ավելի խորացավ ճգնաժամի մեջ, ինչպես ծանրացան հարկերը, և ինչ վիճակում է երկրի բյուջեն, արտաքին պարտքը ավելացա՞վ, թե՞ պակասեց։ Ժիրայր Սեֆիլյանը մատնանշել է նաև բանակի հզորացման հետ կապված խնդիրները։ Թող տեսնեն, թե ինչ եղավ 2016 թվականին, ինչպես մենք կորցրեցինք մեր դիրքերը, ինչպիսի բացթողումներ կային բանակում, և Ժիրայր Սեֆիլյանը ճի՞շտ էր, թե՞ սխալ։

-Շատերը նշում են, որ Սեֆիլյանին չներվեց հենց այդ 700-800 հա տարածքի կորստի բացահայտումը, քանի որ նա առաջինը բարձրաձայնեց այդ մասին։

-Այո, Ժիրայր Սեֆիլյանը բարձրաձայնել է բազմաթիվ հանցագործությունների, իրավախախտումների, մարդու իրավունքի ոտնահարումների, երկրի տնտեսական քայքայումների, արտագաղթի մեծացման և այլնի մասին։ Փոխանակ այդ ամենից հետևություն անեն և ականջալուր լինեն երկրի իրական հերոսներին, նրանք կատարեցին այս խայտառակ քայլը և հերթական անգամ փակեցին Ժիրայրին։ Նրա զինակիցները դիմեցին ծայրահեղ քայլի՝ ապստամբության, որը նույնպես արդարացված էր։ Թե՛ միջազգային օրենքներով, թե՛ մեր Սահմանադրությամբ, ժողովուրդն է երկրի տերը և նա պետք է որոշի, թե ով լինի իշխանություն։ Բայց այսօր ինչպե՞ս ժողովուրդը պետք է լինի երկրի տերը, երբ խախտվում է ընտրության օրենքը, խախտվում է Սահմանադրությունը, երբ քուչի հեղինակություններին ու աղբակույտին բերում են խորհրդարան։ Այս ամենը բերեց նրան, որ տղաները դիմեցին ծայրահեղ քայլի՝ ապստամբության, որի իրավունքն ունեն։ Ժնևի կոնվենցիան ասում է, որ եթե ազգը տեսնում է, որ իր վերնախավը երկիրը պաշտպանության, անվտանգության, մշակույթի, տնտեսության և այլ ոլորտներում հետընթացի է տանում, ապա նա իրավունք ունի հեղաշրջի այդ իշխանությունը։

-«Սասնա ծռեր»-ի ապստամբությունը չավարտվեց հաղթանակով։ Հիմա, ձեր կարծիքով, ի՞նչ կհաջորդի այս դատավճռին։

-Հարցը դա չի, այլ այն, թե լավ, հիմա ինչ են ուզում անել։ Ասենք՝ Ժիրայրին փակեցին, այդ տղաների հանդեպ հաշվեհարդարը տեսան, «Սասնա ծռեր»-ի հետ նույնպես հաշվեհարդար տեսան, բայց հո երկրում իրավիճակը չփոխվե՞ց։ Նորից շարունակում է ԵՏՄ-ի տակ տնքալ, նորից շարունակվում է երկրի ինքնիշխանության կորուստը, շարունակում է ՀՀ քաղաքացին իր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի դիմաց վճարել 2․5 անգամ ավելի շատ, քան այդ նույն էլեկտրաէներգիան հասնում է մեր հարևան Իրանին, Թուրքիային և Վրաստանին։ Մասնավորապես, 22 դրամով նրանց է վաճառվում, 49 դրամով՝ մեզ։ Կամ մյուս խայտառակ իրողությունը, որ Ռուսաստանը Իրանից մեզ տրված գազը 100 դոլարով գնում է և 320 դոլարով վաճառում մեզ վրա։ Այդ բոլոր խայտառակությունների արդյունքում մեր քաղաքացիներն այսօր՝ ամեն մի ընտանիք, մոտավորապես 60-70 հազար դրամ ավելի գումար է վճարում ռուսական բյուջեին։ Դա այն գումարներն են, որոնք խանգարում են միջին և միջինից ցածր խավին ապրել։ Դա այն գումարն է, որ կհերիքի տան նվազագույն մթերքները գնելու համար։ Այս բոլորի մասին է բարձրաձայնում Ժիրայրը ու դրա համար նրան փակել են։ Սա ոչ թե դատավարություն է, այլ գերեվարություն, և ես նրան համարում եմ գերի։ Ես Ժիրայր Սեֆիլյանի ընկերն եմ, ի՞նչ պատասխան պետք է տամ նրա որդիներին, կնոջը։ Կարող եմ միայն ասել, որ Ժիրայրը գտնվում է գերության վիճակում, և նա ռազմագերի է։ Նրա նկատմամբ հաշվեհարդար է տեսել ՀՀ արդարադատություն կոչվածը։ Մյուս կողմից ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանը։ Ադրբեջանն այսօր սպառնում է Հայաստանին, մյուս կողմից՝ սպառնում է Թուրքիան, որը սանձարձակ ձևով մտնում է Սիրիայի տարածք և մեծ ավերածություններ անում։ Այսօր Թուրքիան փաստացի դաշնակցում է Ռուսաստանի հետ, որը, իբր, մեր դաշնակիցն է։ Հայաստանի իշխանությունները մեր ինքնիշխանությունն ու տնտեսական լծակները հանձնել են Ռուսաստանին, որը զենք է վաճառում մեր թշնամի Ադրբեջանին։ Այսպիսի քաղաքականությամբ ուր են ուզում մեզ տանել մեր երկրի իշխանությունները։ Հայաստանում ծայրաստիճան մեծ չափերի է հասել արտագաղթը, քաղաքացիները լքում են հայրենիքը, ժողովրդագրական վիճակը կտրուկ փոփոխվել է, երկրի անվտանգությանն սպառնացող հարցեր են կանգնել մեր առջև, ո՞ւր է մեր երկրի ղեկավարությունը։ Մեր ղեկավարությունը այս ամենի ֆոնին հաշվեհարդար է տեսնում երկրի հերոսի նկատմամբ և ինչու։ Սրանք հարցեր են, որ պետք է մեր ժողովուրդն այս օրերին բարձրացնի երկրի իշխանությունների առջև և պահանջի նրանց հրաժարականը։ Այո, պետք է հրաժարվել, պետք է սերնդափոխություն լինի իշխանության մեջ, պետք է իշխանափոխություն լինի, որ այս հարցերը լուծվեն՝ հօգուտ մեր երկրի անվտանգության, հօգուտ մեր սահմանների ամրապնդման, հօգուտ այս բարդ իրավիճակում հայ ժողովրդի կեցության ապահովման։ Եթե ոչ, ապա մեզ առաջիկայում սպասվում են դժվարին ու դժբախտ օրեր։

-Վերջին օրերին տեսնում ենք, որ ընդդիմությունը համախմբման և համատեղ պայքարելու փորձեր է անում։ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մերկ ձեռքերով պայքարի դուրս գալ։ Ձեր կարծիքով՝ կհաջողի՞ ընդդիմությունը, և հնարավոր կլինի՞ ինչ-որ փոփոխությունների հասնել, թե՞ սա ընդդիմության հերթական ձախողումն է լինելու։

-Ընդդիմությունը փորձում է դասական եղանակով հասնել իշխանափոխության, ինչն իմ համոզմամբ, դատապարտված է ձախողման։ Պետք է այլ ձև մտածել, որ տարբերվի մինչև հիմա գոյություն ունեցած բոլոր դասական ձևերից, որովհետև այդ ձևերը ամբողջությամբ գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ։ Այդ ձևով հնարավոր չէ հաջողության հասնել, որովհետև իշխանությունները օրենքից ու խղճից դուրս, այսպիսի բարդ պայմաններում, երբ արտաքին պարտքը չգիտես՝ ուր է հասել, ունի շուրջ 30 հազար ոստիկանական զորք։ Այդ զորքն ամբողջությամբ կուրորեն ծառայում է ոչ թե օրենքին, այլ իշխանավորներին։ Այսպես շարունակելով, մենք շատ վատ տեղ կհանգրվանենք, որովհետև ստացվում է մի իրավիճակ, երբ այս երկրում ապրում է ժողովուրդ, որտեղ մի մասն ուզում է անպայման ապրել մյուս մասի կյանքի, քրտինքի ու հոգու վրա նստելու հաշվին, ոչ թե ստեղծված են պայմաններ, որ բոլորը հավասար ապրեն։ Սա կարող է անկանխատեսելի երևույթների բերել, որովհետև ոստիկանն ապրում է ըստ պահանջի, ստանում է բարձր աշխատավարձ, և նա, հանուն իր աշխատավարձի, պետք է կատարի ցանկացած հրաման, եթե նույնիսկ դա ուղղված է քաղաքացու իրավունքների դեմ։ Նույնկերպ շատ բարձր վարձատրվող դատավորները, որոնց աշխատավարձը տատանվում է 700 հազարից 1․2 մլն դրամի սահմաններում, քաղաքացու քրտինքի ու արյան հաշվին ծառայում են բացառապես անարդարությանը։ Ստեղծվել է մի վիճակ, երբ դատախազական և քննչական համակարգը ամբողջությամբ ծառայում են մարդու իրավունքների ոտնահարմանը։ Այսպիսի իրավիճակում, ես չեմ կարծում, թե ընդդիմությունը կարող է այդ ընտրած ճանապարհով հասնել հաջողության։ Այստեղ ուրիշ ճանապարհ է պետք ընտրել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում