Զապին երկու հաշվեհարդար են վերագրում. առաջին դեպքում նրա մարդիկ գնացել են Ղարաբաղցի Հայկոյի տուն ու կրակել նրա ոտքին, իսկ երկրորդն իրագործվել է Շաքրո Մոլոդոյի կողմնակիցների խնդրանքով։
Հայտնի «օրենքով գող» Զապ Լեննականցին (Անդրանիկ Սողոյան) կարող է կապված լինել մեկ այլ «գող» Հայկ Նիկողոսյանին (Ղարաբաղցի Հայկոյի) պատժելու գործի հետ։ Այս մասին գրում է «Փրամ Քրայմ» պարբերականը։
Հայկո Ղարաբաղցին 15 տարի «օրենքով գող» է եղել, բայց նրան «թագից զրկել» է քրեական աշխարհի արքա Դեդ Հասանը։ Աղբյուրի փոխանցմամբ` այդ ժամանակից ի վեր Ղարաբաղցի Հայկոն քրեական աշխարհում ունեցած կարգավիճակը վերադարձնելու փորձեր է անում ու ասում, որ Զապը «գող» չէ։ Ի պատասխան դրան` Զապի մարդիկ գնացել են Ղարաբաղցի Հայկոյի տուն ու կրակել նրա ոտքին։
Բացի Ղարաբաղցի Հայկոյի ոտքին կրակելուց, Զապին են վերագրում նաև քութաիսցի «գող» Գոչի Ալպաիձեի (Ալֆասոն) նկատմամբ հաշվեհարդարը։ Աղբյուրը գրում է, որ պատվիրատուն եղել է Նոդար Ռուսթավսկին (Նոդար Ասոյան), որը Շաքրո Մոլոդոյի մտերիմն է։
Պարբերականը նշում է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Զապը հայկական քրեական աշխարհի առաջնորդն է դարձել. եթե Հայկո Ղարաբաղցու նկատմամբ հաշվեհարդարը Զապի անձնական գործն էր, ապա Ալֆասոնի դեմ մահափորձը Շաքրո Մոլոդոյի կլանին մատուցած ծառայություններ են։