Ամերիկյան Ինդիանա նահանգում տղամարդը որոշել է բանկ թալանել մի գրառման միջոցով, տաքսի է վերցրել և տաքսու դիմաց վճարել թալանված գումարով: Այս մասին հաղորդում է Courier Press-ը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ 19-ամյա Դերիկ Ֆարիան մեքենա է կանչել տնից բանկ հասնելու համար: Նա խնդրել է վարորդին սպասել կայանատեղիում, իսկ ինքը ներս է մտել: Այնտեղ գանձապահին ցույց է տվել մի գրառում՝ «Սա գողություն է, տուր ինձ եղած փողերը»: Ընդ որում, բանկի աշխատակիցները փաստում են, որ հանցագործը զենք ցույց չի տվել:
Գումարը վերցնելով՝ նա վերադարձել է տաքսու մոտ և նույն մեքենայով էլ տուն վերադարձել: Տաքսու ծառայության դիմաց նա վճարել է 14 դոլար, և որպես թեյավճար թողել 6 դոլար՝ ամբողջը գողացված փողերից:
Մեկ ժամ անց նրան ձերբակալել են: Տղամարդու քայլերին հնարավոր է եղել հետևել դրսի անվրանգության տեսախցիկներով: Նրա տանից հայտնաբերվել է ողջ գումարը՝ բացառությամբ 20 դոլարի: Ոստիկանները հայտնաբերել են նաև թմրանյութ պատրաստելու համար անհրաժեշտ որոշ սարքավորումներ:
Այժմ տղամարդը գտնվում է կալանքի տակ: