«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով շուրջ մեկ տարի տևած դատավարությունն այսօր ավարտվեց: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի մարտի 20-ին, ժամը 11-ին: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի համար դատախազը միջնորդել էր ամենախիստ պատիժը՝ 11 տարի, իսկ ամենամեղմը՝ 2 տարի Հովհաննես Պետրոսյանի համար:
Ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանը հարյուր տարի հետ գնաց՝ հիշելով բանաստեղծ Հակոբ Հակոբյանի մի բանաստեղծություն՝ «Գարնան մի ցուրտ առավոտ ծիտը թռավ ծտի մոտ»: «Հակոբ Հակոբյանին դատապարտեցին, քանի որ փոխաբերական իմաստ էին գտել այս տողերում, քանի որ այդ արտահայտությամբ նա հավաքվելու կոչնակ էր արել: Հիմա էլ նույնն է: Ուզում եմ եղիցի լույս, որ տեղ չթողի ստրուկին: Մեր վաղվա հաղթանակը անխուսափելի է»: