Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 17-ին, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստին պաշտպանական ճառերով հանդես եկան ամբաստանյալները:
Ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանն հայտարարեց, որ այս բոլոր պրոցեսներին ինքն ընդհանրապես կապ չի ունեցել, միայն զենքն է իր ձեռքով անցել, ինքը դա ընդունել է, սակայն դա էլ չի ապացուցվել։
«Փորձագետն եկավ էստեղ կցկտուր բաներ ասաց։ Մի հատ խոհանոցային գրտնակ են բերում և զենք են ներկայացնում: Եկեք էս գործին լուրջ վերաբերվեք, ծիծաղելի է էս ամեն ինչը։ Ես Ժիրայր Սեֆիլյանին չեմ ճանաչում նույն հաջողությամբ ձեզանից կարող էի զենք վերցնել, դա տրամաբանական չէ: Ես ձերբակալվել եմ 135 հոդվածի երկրորդ մասով, մինչդեռ այստեղ էլ հակասություն կա, որ ինձ միայն զենքի մասով է մեղադրանք առաջադրվում, էդ դեպքում ինչո՞ւ մասնակցության մասով մեղադրանք չի առաջադրվել: Բայց իրականում զենքի մասով էլ իմ մեղադրանքը չապացուցվեց և պարզվեց, որ ես ոչ մի բանում մեղավոր չեմ, բայց 10 ամիս կալանավորված եմ»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքը հիմա չգիտի՝ իր ընտանիքը ոնց է ապրում, ոնց է հաց առնում, մի բան էլ կողքից կալանավոր են պահում։