Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի մեկշաբաթյա այցը Միացյալ Նահանգներ պատմական իրադարձություն է համարում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդանյանն ասաց. «Հսկայական կարևորության այց է։ Այն, որ կարող է երես առ երես խոսել, հանդիպել, իրողությունը ներկայացնել՝ շատ կարևոր եմ համարում։ Երբ կոնգրեսականները գալիս են, մենք դա կարևոր ենք համարում, հիմա նույնն էլ նախագահ Սահակյանի այցն է։ Այսպես քայլ առ քայլ հնարավոր կլինի կառուցել հարաբերությունները։ Ժամանակ առ ժամանակ տեսակետները փոխվում են՝ սա էլ կարևոր է այդ առումով։ Տարիներ առաջ ընդհանրապես չէին թողնում, որ ղարաբաղցին մտնի ԱՄՆ կամ Արցախը գրասենյակ՝ ներկայացուցչություն ունենա Միացյալ Նահանգներում. հիմա այդ ամենը կա։ Երես առ երես կարող են նստել, խոսել, պատկերացնել իրողությունը»։
Մեր զրուցակիցը հավելում է. «Ադրբեջանցիներն իրենց այս խոչընդոտներով ու ապուշ խոսակցություններով ցույց են տալիս, որ վախենում են։ Աշխարհը փոխվում է, ու մարդիկ ամեն ինչ հասկանում են»։
Արփի Վարդանյանն ասաց, որ լոբբիստներն այժմ զբաղված են այս այցով, իսկ առաջիկայում ակտիվություն կցուցաբերեն նաև 2019 թվականի օգնության հետ կապված. «Ամեն նախագահ իր քաղաքականությունն է վարում, բայց մենք պետք է համոզենք ու հասկացնենք՝ ինչի համար է պետք այդ օգնությունը։ Մենք պետք է հստակ ասենք՝ ենթադրենք, ականազերծման համար գումար է հարկավոր։ Եթե փող դրվի, դա կարող է կյանքեր փրկել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: