Այսօր Թուրքիան կրկին գնդակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը, որի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ է զոհվել, հաղորդում են քուրդ պաշտոնյաները: Ավելի վաղ Թուրքիան դիմել էր տեղացիներին՝ կոչ անելով լքել պատերազմական գոտին, իսկ քուրդ զինյալներին խորհուրդ էր տվել հանձնվել:
Սիրիական ժողովրդավարական ուժերի լրատվամիջոցների գրասենյակը, որը գործում է Սիրիայի հյուսիսում՝ ամերիկացի գործընկերների աջակցությամբ, հաղորդում է, որ նոր հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 20 խաղաղ բնակիչ, ևս 30-ը վիրավորվել են:
Ականատեսները հայտնել են, որ երեկ հարյուրավոր քաղաքացիներ փախել են ճակատամարտի էպիկենտրոնից՝ ապաստան փնտրելու: Սակայն մտավախություն կա, որ թաղամասում դեռ հազարավոր քաղաքացիներ կան: