«Ընդհանրապես խնդիրը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական և ներքաղաքական զարգացումների կոնտեքստում։ Ակնհայտ է և գաղտնիք չէ, որ Ռուսաստանում կատարվող իրողությունները ժամանակ առ ժամանակ պատճենահանվում են Հայաստանում։ Այդ առումով կարծում եմ, որ Ռուսաստանում սպասվելիք նախագահական ընտրություններն այս կամ այն կերպ կազդեն Հայաստանում սպասվելիք ներքաղաքական իրադարձությունների վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։
Նրա կարծիքով՝ Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց Հայաստանի հասարակության տրամադրություններում. «Հայաստանում իրականացվում է ընդգծված ռուսամետ քաղաքականություն, որն իրականացնում են ոչ միայն ռուսաստանյան ԶԼՄ-ները, այլ, ցավոք, երբեմն նաև հայաստանյան լրատվամիջոցները»,- ընդգծեց նա։
Նարինե Մկրտչյանը նշում է՝ խիստ վտանգավոր ու կործանարար մոտեցում է «միշտ Ռուսաստանի հետ» տարվող քարոզը. «Այդ իսկ պատճառով ես ուզում եմ, որ իմ հայրենակիցները սթափվեն ու հասկանան, որ աջակցել, երազել Պուտինի հաղթանակը՝ նշանակում է երազել, որ այնպիսի մի մեծ երկիր, ինչպիսին Ռուսատանն է, մնա մեկուսացման մեջ։ Իսկ դա վտանգավոր է թե՛ աշխարհի և թե՛ Հայաստանի համար»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։