Բջջային հեռախոսներ արտադրող առաջատար Nokia ընկերությունը հայտարարել է, որ համաձայնության է եկել Apple ընկերության հետ արտոնագրային բազմամյա խնդիրների շուրջ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Թերթի տվյալներով, ընկերությունները ստորագրել են համաձայնագիր, որը կարգավորում է այդ խնդիրները, իսկ Nokia-ն և Apple-ը համաձայնել են հետ վերցնել իրենց հայցերը ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովից: Համաձայնագրի ֆինանսական կողմի մասին ոչինչ չի ասվում:
Երկու ընկերություններն արդեն մի քանի տարի է՝ մեկը մյուսին մեղադրում են տեխնոլոգիաների գողության մեջ: Նախ՝ Nokia-ն հայտարարել էր, որ Apple-ն օգտագործել է Nokia-ի այն տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս iPhone և iPad սարքերն ավելի փոքր դարձնել: Ավելի ուշ Apple-ը հայց ներկայացրեց ֆիննական ընկերության դեմ՝ հեռախոսների միջերեսները կրկնօրինակելու համար: