Խորհրդարանն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որով հստակեցվում է ՀՀ ապագա կառավարության գործունեությունն ու կառուցվածքը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ:
Պատգամավորի կարծիքով՝ սա կառավարության տրանֆորմացիայի փուլն է:
Անդրադառնալով ապագա վարչապետին տրվող լիազորությունններին Գորգիսյանը նկատեց․ «Սուպերվարչապետի ինստիտուտ է ստեղծվում: Անվերահսկելի համակարգ ենք ունենալու, որը վտանգավոր է:Վարչապետին զինում են չափից շատ լիազորություններով»:
Հարցին, արդյոք «Ելք»-ում կա կոնսենսուս Ազատության հրապարակում լինելու հարցում Գորգիսյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանը դեռևս հստակ չի ասել, որ վերադառնում է Ազատության հրապարակ: Հրապարակ դուրս գալու համար պետք է զգուշավոր լինենք: Հասարակության հերթական հիասթափությունը կործանարար կարող է լինել»: