2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելու Հայաստանի նախագահի որոշումը ունի և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական պատճառներ:
Հիշենք, որ 2008-2009 թթ., երբ սկսվեց «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը Հայաստանի և Թուրքիայի միջև, Սերժ Սարգսյանը իր պաշտոնամուտն օրինականացնելու խնդիր ուներ, քանի որ Արևմուտքը չէր ճանաչում նրա իշխանությունը, և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ նա ստացավ Արևմուտքի բարեհաճությունը՝ ձեռք բերելով «քաջ ղեկավարի» համբավ: Այժմ ևս հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված որոշումը ինչ-որ առումով կապված է Սերժ Սարգսյանի ներքաղաքական ծրագրերի հետ:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսեց ոչ միայն արձանագրությունների չեղարկման, այլև ընդհանուր հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ձախողման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա հեռանկարների մասին: Մեր զրուցակցի կարծիքով՝ գործընթացը տապալվեց զուտ այն պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունը բավարարեց դեռ 1991 թ. Թուրքիայի կողմից առաջ քաշված երեք նախապայմաններից միայն երկուսը:
«Առաջինը՝ ճանաչել սահմանները և հրաժարվել տարածքային բոլոր պահանջներից, որը ներառված է արձանագրությունների մեջ: Երկրորդը՝ չհետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում իրենց պատկերացրած ձևով, այսինքն՝ Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին: Եվ եթե Սերժ Սարգսյանը կարող էր առաջին երկու նախապայմանները կատարել և արեց, ապա երրորդը չէր կարող: Տարբեր պատճառներով չէր կարող: Թուրքերն էլ ասացին՝ եթե չես անում, ուրեմն չես ստանա»:
– Պարոն Պապյան, իհարկե, հայտնի էր Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունները չեղարկվելու են, եթե Թուրքիան որևէ քայլ չանի դրանց վավերացման ուղղությամբ: Բայց ամեն դեպքում ինչո՞ւ Հայաստանի նախագահը հենց այս շրջանում որոշեց չեղյալ հայտարարել արձանագրությունները: Ներքաղաքական ենթատեքստեր տեսնո՞ւմ եք, թե՞ այս որոշումը զուտ հայ-թուրքական գործընթացի զարգացման տրամաբանության մեջ է տեղավորվում:
– Ես տեսնում եմ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական ազդակներ: Այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՄԱԿ-ի ամբիոնից գործընթացը դադարեցնելու, այսինքն՝ ստորագրությունը չեղյալ հայտարարելու մասին և ժամկետ դրեց մինչև 2018 թ. գարուն, արտաքին քաղաքական գործոն է: Նա հույս ուներ, որ դրանով մեկ անգամ ևս գուցե կհրահրի Թուրքիային վավերացնել արձանագրությունները: Ժամկետը սահմանվեց մինչև գարուն և՛ Թուրքիային ժամանակ տալու նպատակով, և՛ ներքաղաքական դրդապատճառներով: Քանի որ գարնանն են նախատեսված պայմանական ասած՝ ընտրությունները, ներքաղաքական առումով Սերժ Սարգսյանը հույս ուներ, որ դա լավ կընկալվի: Այո, որոշ մարդիկ քիչ էր մնում՝ հերոսացնեին այդ քայլը: Պատճառներն այս երկուսն են: Բայց պետք է նշել, որ այդ արձանագրությունները մեռելածին էին ի սկզբանե և վերջնականապես մեռած էին ստորագրելուց արդեն մի քանի տարի անց:
– Իսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում արված հիմնական սխալը մեթոդաբանորեն ո՞րն էր: Օրինակ, 2015 թ. ապրիլին, երբ Եվրոպական խորհրդարանը նիստ գումարեց Հայոց ցեղասպանության թեմայով՝ ընդունելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման մասին» բանաձևը, պատգամավորներն իրենց ելույթներում շատ հստակ շեշտում էին մի կարևոր միտք՝ իրական հաշտություն Հայաստանի և Թուրքիայի միջև կլինի միայն այն դեպքում, եթե Թուրքիան հաշվի նստի իր անցյալի հետ: Ստացվում է, որ նախ պետք է լուծել պատմական խնդիրները, հետո՞ մտածել հարաբերությունները կարգավորելու մասին:
– Սխալն այն էր, որ հաշտեցում ասելով՝ ոմանք սխալ են հասկանում: Հաշտեցում նշանակում է առնվազն մի քանի քայլ պարունակող գործողություն, որոնցից մեկը հաշտվելն է սեփական պատմության հետ: Դրա մեջ մտնում է սխալն ընդունելը, հնարավորինս բարոյական և նյութական հատուցումներ տալը, օրակարգի մշակումը այն հարցերի շուրջ, որոնք բաժանում են այս պետություններն ու ազգերը իրարից, և ազնիվ ջանքերի գործադրումը՝ փոխադարձ համաձայնության գալու: Բայց ակնհայտ է, որ այդ արձանագրությունները չունեին իրենց մեջ ո՛չ նման հիմք, ո՛չ էլ միտում: Ավելին, խնդիր էր դրված հնարավորինս հայկական կողմից պոկել առավելագույն զիջումներ: Այնտեղ ներառված էին բոլոր պատմական խրթին հարցերը, և նախատեսվում էր երկմասանոց մի փաստաթղթով, ըստ էության, հարցերը լուծել, ինչը չստացվեց: Չստացվեց, իհարկե, զուտ այն պատճառով, որ հայկական կողմը բավարարեց Թուրքիայի նախապայմաններից միայն երկուսը և չկարողացավ երրորդը բավարարել: Բայց այդ երկուսն էլ չափից շատ էր:
– Այսօրվա և այն ժամանակվա՝ 2008-2009 թթ. Թուրքիան ինչո՞վ են տարբերվում:
– Այսօրվա Թուրքիան շատ ավելի վտանգավոր է, շատ ավելի ծայրահեղական է (ծայրահեղ ազգայնական, ծայրահեղ կրոնական): Մենք տեսնում ենք հատկապես վերջին երկու տարիներին Էրդողանի քաղաքականությունը: Եթե առաջ գոնե ձևականորեն հայտարարվում էր «զրո խնդիր հարևանների հետ», հիմա ակնհայտորեն հայտարարվում է, որ Թուրքիան իր ազդեցությունը պիտի տարածի նախկին Օսմանյան կայսրության տարածքների վրա: Անգամ հավակնություններ կան նաև ինքնիշխանություն տարածելու: Հստակորեն նշվում են ուղղություններ և երկրի անուններ: Բացի այդ, մենք տեսնում ենք Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի տարածքում, որի մի մասը նա բռնազավթել է: Այսինքն՝ հավանականությունը, որ այսօր հնարավոր կլինի Թուրքիայի հետ «արդար հաշտեցման» գնալ, ավելի քիչ է: Թուրքիան վերադարձել է իր վայրենի նախասկզբին:
– Բայց այն ժամանակ էլ էր Էրդողանը հիմնական որոշում կայացնողը Թուրքիայում, այսօր էլ է Էրդողանը, թեև այն ժամանակ Հայաստանում ինչ-որ հույսեր կային, որ կարելի է գործ ունենալ ավելի առաջադեմ, լայնախոհ և չափավորական հայացքներ ունեցող Գյուլի հետ: Դրա մասին ի՞նչ կասեք:
– Նախ ասեմ՝ Էրդողանն օգտագործել է այս ժամանակահատվածը ավելի շատ իր ձեռքում իշխանություն կենտրոնացնելու և, այսպես կոչված, քիչ թե շատ դեմոկրատական ուժերին դուրս մղելու նպատակով: Այդ բեմականացված կամ գուցե իրական հեղաշրջման փորձը, որը Թուրքիայում կատարվեց, լավ պատրվակ և առիթ էր Էրդողանի համար իր քաղաքականության չհամաձայնող տասնյակ հազարավոր մարդկանց դուրս մղելու, ձերբակալելու, պաշտոնանկ անելու համար: Այսինքն՝ այսօր Թուրքիան փոխված է ներքաղաքական առումով: Ավելի շատ է մեկ անձի ենթակայության տակ, քան առաջ էր: Դուք նշում եք Գյուլի մասին:
Այո: Եվ կային նաև ուրիշներն էլ: Այսօր Գյուլին կամ անգամ Դավութօղլուին համարժեք որևէ անձ չկա Թուրքիայի ղեկավարության մեջ: Այսօր Թուրքիան բացարձակ էրդողանակենտրոն երկիր է՝ իր բոլոր հավակնություններով: Եղան արտաքին քաղաքական փոփոխություններ, Թուրքիան վերջնականապես հասկացավ, որ ինքը փոխվող չի, իսկ չփոխվող վիճակով, դեռ մի քիչ էլ հետընթաց ապրելով՝ Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը: Եվ այժմ սկսել է ավելի մերձենալ Ռուսաստանի հետ՝ ինչպես 1920-ական թթ. էր, երբ հետօսմանյան Թուրքիան և հետցարական Ռուսաստանը մեկուսացված էին, այդ երկու մեկուսացվածները սկսեցին իրար ավելի ձգել: Այժմ կրկին տեսնում ենք այդ մերձեցումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Եվ այս բոլոր արտաքին և ներքին փոփոխությունները ցույց են տալիս, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հավանականությունն այսօր ավելի քիչ է:
– Բայց չէ՞ որ այդ նույն մարդիկ հիմա էլ կան քաղաքական դաշտում: Թուրքիան ունի քաղաքացիական հզոր հասարակություն, որի գոնե մի հատվածը չի վախենում խոսել ցեղասպանության հարցի մասին: Այս գործոնները ինչ-որ կերպ չե՞ն ազդում Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա: Թուրքիայում նեոօսմանյան գաղափարախոսության վերելքը, նրա ընթացքը դեպի բռնատիրական համակարգ ժամանակավո՞ր, թե՞ երկարատև երևույթ է, որովհետև եթե այս վիճակը երկար պահպանվի, չպետք է հույս ունենանք, թե մոտ ապագայում հնարավոր կլինի երկխոսություն ձևավորել պաշտոնական Անկարայի հետ:
– Նախ, ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական հասարակությունը բռնատիրական համակարգերի մեջ գրեթե ազդեցություն չի ունենում արտաքին քաղաքականության վրա: Թուրքիան անգամ տարիներ առաջ այդպիսին էր, հիմա՝ առավել ևս: Նույնն էլ մենք ենք: Դա ցույց տվեց հենց այս արձանագրությունների գործընթացը: Մենք կարող ենք բողոքել, ցույցեր անել, ասել՝ մի՛ ստորագրի, բայց քանի որ Սերժ Սարգսյանը որոշել է, որ պիտի ստորագրվի, ստորագրում է: Այսինքն՝ նման հասարակարգերում քաղաքացիական հասարակություններն ազդեցություն չունեն, որովհետև երկրի ղեկավարը չի մտածում ապագա ընտրությունների մասին, քանի որ իր ընտրող հասարակությունը չէ, այլ հասարակության այն խավը, որին ինքը վերահսկում է: Իսկ Թուրքիայում ազատությունները էապես կրճատվել են: Մենք պարբերաբար կարդում ենք այն մասին, որ ձերբակալվել են տարբեր համալսարանական պրոֆեսորներ, դասախոսներ կամ ստիպված են եղել լքելու երկիրը: Մենք լսում ենք անգամ, որ պետական պաշտոնյաներն են երկրից փախչում և ապաստան խնդրում, օրինակ, Հունաստանում, որի հարաբերությունները Թուրքիայի հետ առանձնապես լավ չեն: Սրվել են Թուրքիայի հարաբերությունները նաև Արևմուտքի՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ:
Ես այն ժամանակ էլ էի ասում, որ դա անհույս քայլ է: Պարզապես եկել են մարդիկ, որոնք գործընթացին ծանոթ չեն: Իսկ այդ գործընթացը 1990-ականներին եղել է: Մենք մի անգամ փորձել ենք, ճիշտ է՝ անաղմուկ, ոչինչ չստորագրելով, բայց հասկացել ենք, որ հեռանկարային չէ: Հիմա եկել են մարդիկ, որոնց թվում է, թե իրենք միանգամից հարցը կլուծեն: Այստեղ շատ կարևոր հանգամանք է այն, որ պիտի հիշել, որ դա 2009 թվականն էր, և Սերժ Սարգսյանը շատ լուրջ խնդիր ուներ իր պաշտոնամուտը օրինականացնելու: Արևմուտքը չէր ընդունում, չէր ճանաչում նրա իշխանությունը: Եվ սա քայլ էր՝ Արևմուտքի բարեհաճությունը ստանալու համար, որը և արեց, և ինչպես իրենք էին նշում՝ «քաջ ղեկավարի» համբավ ձեռք բերեց: Սակայն արդյունք չեղավ:
– Այսպիսով, ինչպես գործընթացի նախաձեռնումը, այնպես էլ արձանագրությունների չեղարկումը ունեն շատ որոշակի քաղաքական ենթատեքստեր:
– Տեսեք, թուրքերը մեր անկախությունից ի վեր երեք նախապայման են առաջադրել, որոնցից չեն հրաժարվել: Առաջինը՝ ճանաչել սահմանները և հրաժարվել տարածքային բոլոր պահանջներից, որը ներառված է արձանագրությունների մեջ: Երկրորդը՝ չհետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում իրենց պատկերացրած ձևով, այսինքն՝ Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին: Եվ եթե Սերժ Սարգսյանը կարող էր առաջին երկու նախապայմանները կատարել և արեց, ապա երրորդը չէր կարող: Տարբեր պատճառներով չէր կարող: Թուրքերն էլ ասացին՝ եթե չես անում, ուրեմն չես ստանա:
Հիշե՛ք մի շատ կարևոր դետալ, որ Դավութօղլուն փորձ արեց ելույթ ունենալու ստորագրման պահին, որը թույլ չտվեցին: Ինչո՞ւ: Դա ձևական ելույթ չէր, որովհետև ըստ միջազգային իրավունքի՝ ստորագրման պահին կատարված հայտարարությունը մաս է կազմում այդ փաստաթղթին: Եվ ես վստահ եմ, որ Դավութօղլուն խոսելու էր Ղարաբաղի մասին, երրորդ նախապայմանն էր հնչեցնելու, ինչը թույլ չտվեցին անել:
Թույլ չտվեցին, իհարկե, մեծ ուժերը: Եվ քանի որ չկար երրորդ պայմանի բավարարում, Թուրքիան հրաժարվեց հետագա գործընթացից: Թեև պիտի ասել, որ միևնույն է, այս արձանագրությունները տարիներ ի վեր աշխատել են հօգուտ Թուրքիայի: Այն բավականին ազդեցություն ունեցել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Չեմ խոսում նրա մասին, որ մենք բարոյական լուրջ հարված ենք ստացել այդ պատճառով, որովհետև կոնկրետ ինձ կանադացիներն ասացին, թե «դու ասում էիր մեզ՝ ինչպե՞ս կարելի է շահույթը և բարոյականությունը իրար խառնել, հիմա դուք, ձեր երկիրը հանուն շահույթի ուրանում եք ձեր զոհերի արյունը»: Էլ չեմ խոսում այն մասին, որ միևնույն է, թուրքերը այս ստորագրված, բայց չվավերացված փաստաթուղթը վաղը միջազգային դատարանում մեր դեմ են դնելու և ասելու են, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը քաղաքական կամք է դրսևորել այդ տարածքներից հրաժարվելու: Սա շատ լուրջ փաստաթուղթ է մեր դեմ միջազգային դատարանում:
– Ի՞նչ հանգամանքներում Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցը:
– Թուրքիան երբեք չի փոխի իր քաղաքականությունը Ղարաբաղի հարցում: Նրա համար երբևէ ընդունելի չի լինի Ղարաբաղի միացումը Հայաստանին կամ անկախացումը: Թեև միացումը տեսականորեն ավելի ընդունելի կլինի, քան անկախացումը: Բայց դա անընդունելի կլինի, որովհետև Թուրքիան ինքնին վտանգ է տեսնում Հայաստանի գոյության մեջ: Քանի դեռ կա Հայաստանը՝ որպես քաղաքական միավոր, Թուրքիան անելու է ամեն ինչ, որպեսզի շատ թուլացնի Հայաստանի տնտեսական վիճակը, իջեցնի քաղաքական կշիռը, և եթե հնարավոր է, մեկ անգամ ևս Հայաստանը դե յուրե մաս դարձնի Ռուսաստանին, որը վերջնականապես կվերահսկի դրանով Հայաստանը: Չմոռանանք, որ Մոսկվայի պայմանագրով նա Ռուսաստանի վերահսկողությունը հաստատեց Հայաստանի նկատմամբ: Այնպես որ չեմ կարծում, թե որևէ իրավիճակում Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որովհետև շատ պարզ պատճառ կա՝ Թուրքիան օկուպացրել և անեքսիայի է ենթարկել Հայաստանի Հանրապետության տարածքները, հետևաբար Հայաստանի Հանրապետության գոյությունը արդեն վտանգ է Թուրքիայի տարածքային ամբողջականության համար՝ անկախ այն հանգամանքից՝ մենք 100 անգամ կհայտարարենք, թե կստորագրենք արձանագրություններ, որ այդ հողերից հրաժարվում ենք:
– Հայաստանի այս որոշումից հետո ինչպե՞ս կզարգանա հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը:
– Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք հետագայում ևս ինչ-որ փաստաթուղթ քննարկել և ստորագրել: Կրկնում եմ՝ եթե նոր փաստաթղթի մեջ էլ ներառված չեղան վերոնշյալ երեք կետերը, բավարարված չեղան Թուրքիայի պահանջները, այդ նոր փաստաթուղթը, լավագույն դեպքում, նույն ճակատագրին կարժանանա: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես հարաբերություններին, պիտի ասեմ, որ հարաբերություններն ավելի են վատանալու: Պատահական չէ այն, որ Թուրքիայի անմիջական աջակցությամբ Նախիջևանում ստեղծվել է ադրբեջանական բանակ, որտեղ, ճիշտ է, ներառված չեն թուրքական զորամասեր, սակայն կան թուրք զինվորական խորհրդականներ, խորհրդատուներ, անցկացվել են լայնածավալ համատեղ զորավարժություններ: Ուստի այդ առումով որևէ բարելավում չեմ կանխատեսում, որովհետև Թուրքիան հետ չի կանգնի իր երեք նախապայմաններից: