ԱԺ-ում այսօր՝ մարտի 7-ին, շարունակվում են կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի աշխատանքները:
Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի քվեարկության կապակցությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին շարքում բոլորը քվեարկել էին, բայց այնտեղ ոչ բոլորն էին ներկա. «Էնտեղ գրված էր, որ որոշումը չի ընդունվել: Քանի՞ ձայն է պետք որոշումը ընդունված համարելու համար»:
Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ 63 ձայնն արդեն 3/5 է:
Այնուհետև Փաշինյանը նշեց. «Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, բայց նրա անվան դիմաց գրանցվել է «կողմ»», և պահանջեց վերականգնել քվեարկության պատկերը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշեց. «Էս մի փոքրիկ դահլիճում դուք կարողանալո՞ւ եք բացառել ընտրակեղծարարությունը: Մեզ հիմարի տե՞ղ եք դնում: Կարողացեք ապահովել ձեր պատգամավորների քանակը»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հակադարձելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մեր երկրի պրոբլեմն էն ա, որ մեր երկրի 1-ին դեմքերը կարողանում են բոլորիս աչքերի մեջ նայել ու սուտը որպես ճշմարտություն բրթել»:
Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հավելեց. «Սա մանկապարտե՞զ է, ինչի՞ մենք պետք է հետևենք, որ մեկը մյուսի փոխարեն չքվեարկի: Բա դուք ինչի՞ համար եք»:
Մանրամասները՝ տեսանյութում: