Թուրքական օդուժը հարձակում է գործել Սիրիայի կառավարամետ ուժերի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Աֆրինի հյուսիսային գյուղերից մեկում զոհվել է 17 մարդ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի (Մեծ Բրիտանիա) տվյալներին:
Զոհերի թվում կան YPG-ի (Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ) 3 մարտիկներ, մյուսներն Ասադի զինվորներն են։
Հիշեցնենք, որ Թուրքիան Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունն անցկացնում է հունվարի 20-ից։ Երեկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը չի սահմանափակվի Աֆրինի ազատագրմամբ: Նրա խոսքով՝ այդ գործողությունը կիրականացվի մինչև Սիրիայի տարածքում վերջին «ահաբեկչի» ոչնչացումը: Բոլոր երկրները պետք է հասկանան, որ Թուրքիան Սիրիայի տարածքն օկուպացնելու նպատակ չունի, ասել էր Յըլդըրըմը։