Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն այսօր ընտրվեց Հայաստանի 4-րդ նախագահ։
Նշենք, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի նախագահն ընտրվեց ոչ թե ժողովրդի, այլ Ազգային ժողովի կողմից, որը 90 կողմ 10 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեց միակ թեկնածու Արմեն Սարգսյանին։
«Հայաստանի Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 101-ը։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը Հաշվիչ հանձնաժողովը պարզեց՝ քվեատուփում առկա էր 101 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 90, դեմ 10: Այսպիսով ՀՀ նախագահ է ընտրվում Արմեն Սարգսյանը, շնորհավորում ենք», – քվեարկության ավարտից հետո հայտարարեց Հանրապետական խմբակցության քարտուղար, Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։
«Առաջին լրատվական»-ը փորձեց մեր համաքաղաքացիների շրջանում պարզել՝ վերջիններս տեղյա՞կ էին, որ այսօր ՀՀ նախագահ է ընտրվելու և ու՞մ կողմից է նա ընտրվել։ Հարցմանը մասնակցած քաղաքացիներից շատերն այս մասին չգիտեին, ոմանք էլ անգամ Արմեն Սարգսյանի թեկնածության մասին տեղյակ չէին, մի քանիսն էլ գիտեին, սակայն նշեցին, որ Արմեն Սարգսյանի հետ որևէ հույս չեն կապում և փոփոխությունների ակնկալիք չունեն։
«Արմեն Սարգսյանն ինչ կարա անի, սաղ վարչապետի ձեռքում ա կենտրոնացած լինելու»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։