«Հայկական կողմը վերահաստատել է, որ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից ենք եղել ու կանք: Բայց այս իննը տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը գնաց ոչ թե հարաբերությունների կարգավորման ճանապարհով, այլ գնաց պատեր ստեղծելու ու նոր նախապայմաններ դնելու ճանապարհով: Այն ժամանակ, երբ սկսում էինք ֆուտբոլային դիվանագիտությունը, թուրքական կողմն ասում էր, որ ձգտելու են զրոյի հասցնել խնդիրները, որ ունեն հարևանների հետ, այսօր պետք է արձանագրենք, որ նրանք զրոյի են հասցրել այն հարեւանների թիվը, ում հետ խնդիրներ չունեն»,- քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ ճանաչելու ՀՀ նախագահի որոշմանը: