ԵՄ-ի և ԱՄՆ-ի պաշտոնական անձինք ծրագրում են մարտ ամսին Բեռլինում հանդիպել, որպեսզի բանակցություններ անցկացնեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ աղբյուրի:
Եվրոպացի մեկ ուրիշ դիվանագետ գործակալությանը հայտնել է, որ հանդիպումը նշանակված է մարտի 15-ին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իրանը և միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատև բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը և սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար։