Խորհրդարանն այսօր միաձայն կողմ է քվեարկել «Ելք» խմբակցության՝ «2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների մասին՝ Ազգային Ժողովի հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին: Սա, անկասկած, նշանային և շրջադարձային իրադարձություն է, եթե նկատի ունենանք Մարտի 1-ի, այսպես կոչված, համակարգաստեղծ հետևանքը:
Ընդ որում, ՀՀԿ-ի այսօրվա անակնկալ քվեարկությունը բացարձակապես կապ չունի «Ելք» դաշինքի, նրա նկատմամբ իշխանության համակրանքի կամ հակակրանքի հետ. անկեղծ լինենք՝ խորհրդարանական այս խմբակցությունը, իր նվազ սուբյեկտությամբ, առանցքային դերակատար չէ համակարգային տրանսֆորմացիայի բազմաշերտ գործընթացում:
Տարիներ շարունակ Մարտի 1-ը եղել է այն լուրջ հանգույցը, որը պայմանավորել է երեք նախագահների բարդ հարաբերությունները, դարձել է համակարգային ստատուս-քվոյի կամ վերադասավորումների հիմք:
Մարտի 1-ը գործոն էր, որի օգտագործմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը տարիներ շարունակ ճնշում էր բանեցնում Սերժ Սարգսյանի վրա, միևնույն ժամանակ` Մարտի 1-ը Սերժ Սարգսյանի մշտական զենքն է Ռոբերտ Քոչարյանի դեմ:
Սերժ Սարգսյանի համար Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գործոնը չեզոքացված է, Մարտի 1-ի թեմայի քաղաքական «ռեստարտը», ըստ էության, ոչ մի լուրջ դիվիդենտ չի տալու նաև «Ելք» դաշինքին, մանավանդ, որ վերջինիս հեղինակած հայտարարության նախագիծը, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի լիագումար նիստում մերժվելու է:
Սա դասական այն վիճակն է, երբ ՀՀԿ-ն «Ելք»-ից Մարտի 1-ի հարցում, ըստ էության, խլում է նախաձեռնությունը: Ակնհայտ է, որ խորհրդարանական քննարկումները Սերժ Սարգսյանին պետք են հենց այս ժամանակահատվածում` համակարգային տրանսֆորմացիայի փուլում, և դրանք օգտագործվելու են Ռոբերտ Քոչարյանի դեմ: Պատահական չէ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր վստահություն է հայտնել, որ պետք է Ռոբերտ Քոչարյանին հարցաքննել: Խորհրդարանական քննարկումները տեղի են ունենալու քաղաքական հենց այս ուղերձի համատեքստում. դրանց ֆորմալ արդյունքը Սերժ Սարգսյանի համար բացարձակապես էական չէ, կարևորը` Քոչարյանին հասցեագրված ուղերձն է, որն այս պարագայում ավելի շատ նման է քաղաքական սպառնալիքի:
Ինչ է կատարվում համակարգի հետնաբեմում` դժվար է միանշանակ կանխատեսել, սակայն հստակ է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է վերջակետ դնել Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, քաղաքական էպոխային, համակարգային թեկուզև անուղղակի ազդեցությանը:
Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը վերստին ակտիվության նշաններ է ցույց տալիս, և պատահականություն չէր օրերս Ստեփանակերտում նրա հրապարակային «հայտնությունը»: Եթե ճիշտ է այս վարկածը, ապա Սերժ Սարգսյանը իր նախորդի ռևանշիզմը կանխարգելելու փորձ է անում: Սակայն շատ հնարավոր է` Սերժ Սարգսյանն ինքն է նախապատրաստում հարձակում` իշխանությունն ու ՀՀԿ-ն Քոչարյանի կադրերից վերջնականապես «ֆիլտրելու» նպատակով: Մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանին «զոհաբերելու» պարագայում Սերժ Սարգսյանը հնարավորություն է ստանում ձևավորել քաղաքական և հասարակական որակապես նոր համաձայնությունների վրա խարսխված կոնֆիգուրացիա:
Լուսանկարը՝ 2rd.am-ի