Երևանի քաղաքապետարանում «Երկիր Ծիրանի»-ի կազմակերպած կոյուղաջրերի ակցիային կարելի կլիներ չանդրադառնալ, հատկապես, որ առանձին վերցրած ակցիան քաղաքական լայն համատեքստում մեծ արժեք չունի: Սակայն, կոյուղաջրային ակցիան հերթական օղակն է մոդայիկ դարձող մի շարքի՝ Հայաստանում պրովոկացիան, սադրանքը, էպատաժը դառնում են մոդայիկ: Ընդդիմադիր հատվածը, սակայն, այս ամենը դրսևորում է որպես արձագանք գործող իշխանությունների կողմից թելադրվող խաղի կանոններին կամ դրանց բացակայությանը:
Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակը նշանավորվում է վերնախավի ներքին ու արտաքին սահմանների խզմամբ, քաղաքական կյանքում որևէ գրված ու չգրված կանոնների բացակայությամբ: Արդյունքում առաջացած անորոշությունը մի կողմից հնարավորություն է տալիս Սարգսյանին հեշտ կառավարել վերնախավը, մյուս կողմից ստեղծում է վակուում հասարակական ու ընդդիմադիր հատվածում, որը լցվում է պրովոկացիայով, արմատականությամբ ՝ մի դեպքում որպես գործիք օգտագործելով կոյուղաջուրը, մեկ այլ դեպքում, օրինակ ՝ «Իգլա»-ն կամ պետական շինությունների գրավումը: