Թուրքիայի հանրային ծառայությունների կայքում (Turkiye.gov.tr) նոր գործառույթ է հայտնվել, որի օգնությամբ երկրի քաղաքացիները կարող են տեսնել իրենց տոհմածառը՝ համակարգ մուտքագրելով իրենց անունը, ազգանունը և ծննդյան թիվը։
«Կայքը մի քանի ժամում հազարավոր մարդիկ են այցելել։ Նրանցից շատերը սոցցանցերում ցնցող գրառումներ են արել այն մասին, որ ըստ համակարգի տվյալների, որն աշխատում է Թուրքիայի պետական արխիվի տվյալների հիման վրա, իրենց նախնիները հայեր են եղել»,– հաղորդում է թուրքական T24.com.tr. պարբերականը։
Թուրքական պարբերականի համաձայն՝ համակարգը հայկական արմատներ է հայտնաբերել Թուրքիայում շատ հայտնի լրագրողների, գրողների, քաղաքական գործիչների և նույնիսկ թուրք ազգայնականների մեջ։
Նշվում է նաև, որ գործարկումից մի քանի ժամ հետո համակարգը շարքից դուրս է եկել, իսկ վերագործարկումից հետո արդեն շատ պետական և քաղաքական հայտնի գործիչների մասին տեղեկությունները անհասանելի են եղել։