ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը նվիրված արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսի ողջույնի ելույթները:
Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:
Արամ Սիմոնյանի խոսքով` հայ ժողովուրդը մշտապես պետք է հիշի, որ միայն զենքով, միայն ուժեղ բանակով, ուժեղ դաշնակիցներով եւ միասնությամբ կարող է հասնել իր իղձերի կատարմանը: Արցախահայությունը բազում դարեր դա ապացուցեց` բազում դարեր ապրելով եւ ապրեցնելով նաեւ մյուսներին: «Թշնամու ատամները փշրել ենք եւ պիտի փշրենք, որովհետեւ մենք անսասան ենք: Հայ ժողովուրդը միասնական է իր ազատության ձգտման մեջ: Զարմանալ կարելի է, թե ինչպես են միջազգային շատ ատյաններում մի նժարի վրա դնում մեզ` հայ ժողովրդին, որն իր ազատության համար է պայքարում, եւ հարեւան ժողովրդին, որը իր ծննդյան հենց սկզբից արյունարբու քաղաքականություն է վարում»,-ասաց նա:
Արամ Սիմոնյանը նշեց. արցախցին եկավ ապացուցելու, որ այդ արյունարբուի ձեռքը նա կարող է կտրել, հայ ժողովուրդը եկավ ապացուցելու, որ այդ արյունարբու ձեռքն ինքը կարող է վերացնել ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ մյուս հարեւան ժողովուրդների գլխից:
«Մենք պետք է հասկանանք, որ բարեհոգի վերաբերմունքով ազատություն չենք կարող ձեռք բերել եւ պահպանել: Կեցցե արցախահայությունը, կեցցե հայ ժողովրդի ազատական տենչը, կեցցե մեր պետականությունը ՀՀ-ում եւ Արցախում»,-հավելեց նա:
«Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը նվիրված է արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին: