«Սերժ Սարգսյանի վերջին շրջանի բոլոր տեսակի ելույթներից տպավորությունն այն է, որ ինքը մնալու է և չի հեռանալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթին։
«Այլ բան է, թե նա ինչ կարգավիճակով է մնում՝ վարչապետի՞, թե՞ պարզապես ՀՀԿ նախագահի։ Բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ խոսում է այն մասին, որ նա իրեն տեսնում է հենց վարչապետի պաշտոնում, քանի որ մտավախություն կա, որ եթե ֆորմալ պաշտոն չկա, ապա այդ դեպքում վտանգ կա աստիճանաբար կորցնելու ազդեցությունը իշխող համակարգի, էլիտայի վրա»,- հավելեց Վարդանյանը։
Անդրադառնալով Արմեն Սարգսյանի կողմից Սերժ Սարգսյանի առաջարկը ընդունելուն՝ քաղաքագետը նկատեց, որ Արմեն Սարգսյանը շատ լավ հասկանում է, թե ինչ պայմաններում է դառնալու նախագահ, հետևաբար մի քանի շաբաթ տևած քննարկումներով, հանդիպումներով նա ընդամենը փորձում էր ցույց տալ, որ հնարավորինս չեզոք նախագահ է լինելու։
«Նա փորձում էր ցույց տալ, որ Սահմանադրությամբ նախատեսված՝ նա իր հնարավորությունների շրջանակում անելու է առավելագույնը։ Այլ բան, որ բոլորն էլ հասկանում են, որ նրա հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ նախագահը պետության գլուխն է, ունի արբիտրի դեր, կշիռ, և զուտ տեսական առումով ցանկության դեպքում նա կարող է նպաստել, օրինակ, քաղաքական ճգնաժամերի ստեղծմանը, բարձրաձայնել խնդիրների մասին, որոնց մասին քաղաքական վերնախավում որևէ մեկը չի բարձրաձայնում, և դրանով իսկ ստեղծել քաղաքական նոր միջավայր»,- նշեց քաղաքագետը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: