Սովորականի պես Բաքուն անօգուտ փորձում է խեղաթյուրել միջազգային հանրության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Եվրամիության դիրքորոշումը հետևյալն է՝ ամբողջական աջակցություն միջնորդական ջանքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին»,-ընդգծել է նա:
Տիգրան Բալայանը իր էջում տեղադրել է Եվրոպական Խորհրդի փետրվարի 9-ին հրապարակված փաստաթուղթը, որը վերաբերում է Ադրբեջանին և մասնավորապես, ԼՂ հակամարտությանը:
Այնտեղ, մասնավորապես, ասվում է. «2016-ի ապրիլին բռնությունների ալիքից հետո ԵՄ-ն ողջունել է երկխոսության վերսկսումը ամենաբարձր մակարդակով Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում: Այժմ կողմերը պետք է հետևեն բանակցային գործընթացն արագացնելու, շփման գծում լարվածությունը թուլացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու վերաբերյալ համաձայնություններին, ինչպես նաև այլ որոշումներին, որոնք ձեռք են բերվել այդ հանդիպումների ժամանակ»: