Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Աունի առաջին հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր։ Բարձրաստիճան հյուրին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ «Վստահ ենք, որ Ձեր այցը նոր խթան կլինի մեր երկու երկրների հարաբերությունների ջերմացման և գործակցության ընդլայնման համար»,-հանդիպմանն ասաց Վեհափառը, ով հայ-լիբանանյան հարաբերությունները որակեց բարեկամական ու եղբայրական։ Գարեգին Բ-ն ուրախությամբ փաստեց, որ փոխվստահության վրա հաստատված այդ հարաբերություններն արդյունք են Լիբանանի արժանավոր հայազգի քաղաքացիների։
«Քրիստոսը մեկն է, սա է միավորում եկեղեցիներին։ Ես մաղթում եմ Հայ Առաքելական եկեղեցուն բարգավաճում»,-ասաց Լիբանանի քրիստոնյա նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Արդեն լրագրողների հետ զրույցում Միշել Աունը հույս հայտնեց, որ իր այցն էլ ավելի կսերտացնի երկկողմ կապերը։ «Իհարկե, այս այցն ամրապնդելու է մեր երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունները։ Այսօր մեզ ուղեկցում են նաև լիաբանանահայեր, ովքեր պատգամավորներ ու կառավարության ներկայացուցիչներ են»,-ասաց օտարերկրյա բարձրաստիճան հյուրը։
Լիբանանի նախագահը եղավ նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանում, ծանոթացավ բացառիկ ցուցանմուշներին, լուսանկարվեց Նոյյան Տապանի Մասանց պահարանի և համաքրիստոնեական սրբություններից մեկի՝ Սուրբ Գեղարդի ցուցափեղկերի մոտ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի ավարտին Միշել Աունը մոմ վառեց Մայր տաճարում։