ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով ԵԼՔ-ի հայտարարության 5-րդ կետին, որի հիմքում օրենսդրական փաթեթի մշակումն է, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներին, հետաքրքրվեց՝ արդյո՞ք փոխհատուցման անհրաժեշտությունը կա, նկատի ունենալով, որ դեռևս 2014 թվականին ընդունվել է Սահմանադրական դատարանի որոշում և այնուհետ օրենք, որով երաշխավորվում էր փոխհատուցման տրամադրումը:
«Ես Մարտի 1-ի գործով դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման: Շատ է ասվում այդ շեշտադրմամբ, որ Մարտի 1-ը բոլորիս ամոթն է, ես, որպես այդ գործով դատապարտված անձ, Մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ, Մարտի 1-ը իմ ամոթը չի, ձե՛ր ամոթն է: Չգիտեմ անձնապես ձեր ներգրավվածությունը, բայց ասում եմ՝ որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ»-հակադարձելով Կոստանյանին նշեց Նիկոլ Փաշինյանը: