Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և համազգային շարժման 30-ամյակի առթիվ: Այս ուղերձն իրապես պատմական է` թե մատուցման և թե բովանդակային առումով: Խիստ կարևոր է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն ուղերձը հղել է ոչ թե ղարաբաղյան շարժման արցախյան հանրահավաքի առաջին օրը, այլ` հենց փետրվարի 20-ին, երբ Ազատության հրապարակի հանրահավաքով շարժումն իրապես դարձավ համազգային:
Այս ուղերձով Սերժ Սարգսյանն, ըստ էության, մերժում է շարժումը հատվածայնացնելու, մասնատելու փորձերը և 88-ի ամբողջական օրակարգի նկատմամբ ստանձնում է քաղաքական պատասխանատվություն: Սա վերջին դարերի հայոց պատմության թերևս ամենակարևոր երեսնամյակն է` արձանագրում է Սերժ Սարգսյանը` շեշտելով 88-ի շարժման պատմական բացառիկությունը, զերծ պահելով Երրորդ հանրապետության քաղաքական պատմությունը արհեստական բաժանումներից, քաղաքական կոնյուկտուրայի սուբյեկտիվ միջամտությունից:
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նման շեշտադրումներով ուղերձ անկարելի էր պատկերացնել, ինչն, այնուամենայնիվ, խոսում է այն մասին, որ անկախ համակարգային բազմաթիվ թերություններից` Հայաստանում մտածողություն է փոխվում, ձևավորվում են պետական ավանդույթների, քաղաքական մտածողության սաղմեր: «Ղարաբաղյան շարժումը պատմության որոշակի փուլում պետք է փոխակերպում ապրեր: Պետականության հռչակմամբ շարժումը ոչ թե մարեց, այլ դարձավ պետական քաղաքականություն»,-ասված է Սարգսյանի ուղերձում և սա, թերևս, նրա այսօրվա խոսքի առանցքային շեշտադրումն է: Սերժ Սարգսյանը, գոնե հրապարակային խոսքի մակարդակում, իր իշխանությունն ասոցացնում է 88-ի համազգային շարժման, Երրորդ հանրապետության հետ:
Սակայն Սերժ Սարգսյանի խոսքը ենթադրում է նաև քաղաքական որոշակի պատասխանատվության ստանձնում, նման է քաղաքական ծրագրի, որն անուղղակիորեն կարող է առնչվել նրա վարչապետության հեռանկարի, իշխանության նոր մանդատի հետ:
Եթե 88-ի օրակարգը Սերժ Սարգսյանը համարում է պետական քաղաքականություն, ապա քաղաքացիներն իրավունք ունեն նրանից պահանջել ամբողջովին իրականություն դարձնել համազգային շարժման տեսլականը` քաղաքացուն դարձնել պետության հիմնական սուբյեկտը, հարստությունը:
Հաճախ է հակասություն նկատվում Սերժ Սարգսյանի խոսքում և գործում: Սարգսյանի այսօրվա ուղերձը նրա քաղաքական կրեդոյի բացահայտումն է խոսքի մակարդակում, որի պատմականությունը քաղաքական իրողություն, պատմական փաստ կարող է դառնալ, եթե գործող նախագահն ավարտին հասցնի 88-ի կիսատ առաքելությունը: