Վրաստանի ԱԳՆ-ում կհայտնվի նոր կառույց՝ ԵՄ-ի հետ ինտեգրման հարցերով գլխավոր վարչություն։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն խորհրդարանում՝ արտաքին կապերի, եվրաինտեգրման, սփյուռքի հետ հարաբերությունների և Կովկասի հարցերով կոմիտեների միացյալ նիստում։ Այս մասին փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»։
Նախարարի խոսքով՝ նման կառույց առաջին անգամ կհայտնվի Վրաստանի պետական գերատեսչությունների համակարգում։ Ջանելիձեն ընդգծել է, որ վարչությունը կդառնա «կայուն և ուժեղ կառույց, որը կախված չի լինի քաղաքական տատանումներից»։
Նշենք, որ եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարարի ապարատը, որը հիմնվել էր 2004 թվականի ապրիլի 19-ին, վերացվել է 2017 թվականի նոյեմբերին՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի որոշմամբ՝ կառավարության աշխատանքի օպտիմալացման նպատակով։