Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է այցով երկրում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով ՊՆ կայքին, հանդիպման ընթացքում, որի ժամանակ քննարկվել է ճակատային գծում ներկայիս իրավիճակը, Հասանովն ասել է, որ բանակցային գործընթացը նախկինի պես մնում է անարդյունք։
«Երբ ճակատային գծում երկու զինված բանակներ կանգնած են դեմ դիմաց, պատերազմը կարող է ցանկացած պահի վերսկսվել»,- ասել է Հասանովը:
«ԼՂ հակամարտության հետևանքների հետաքննությամբ զբաղվելու փոխարեն, ավելի լավ կլիներ, եթե միջազգային կառույցները ջանքեր գործադրեին այդ հակամարտության պատճառների արմատական վերացման ուղղությամբ»,-նշել է Հասանովը:
Իր հերթին, Կլաարը նշել է հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորման կարևորությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ապահովման համար, ինչպես նաև ընդգծել, որ ԵՄ-ն հանդիսանում է բանակցությունների շարունակման կողմնակից։