Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քրիստոնեությունը «Եվրոպայի վերջին հույսն» է անվանել, – հաղորդում է Euroactiv-ը։
Ժողովրդի առաջ ելույթ ունենալով՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ Արևմուտքը «քրիստոնեական մշակույթի անկման ճանապարհ է հարթել» և նպաստել է իսլամի տարածմանը, այն դեպքում, երբ հունգարական վարչապետի աշխատակազմը «թույլ չի տվել իսլամական աշխարհին հեղեղել մեզ հարավից»։ «Ներգաղթի պատճառով Եվրոպայի վրա սև ամպեր են կուտակվում,– ասում է Օրբանը։ Ազգերը դադարելու են գոյություն ունենալ, Արևմուտքն ընկնում է, իսկ Եվրոպան նույնիսկ չի էլ գիտակցում, որ իրեն գրավել են»։
Հունգարիայի վարչապետը նաև կոչ է արել ներգաղթի դեմ «գլոբալ միություն» ստեղծել։
Օրբանի հայտարարությունները հնչել են ապրիլյան խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. նա հույս ունի վերընտրվել վարչապետի պաշտոնում։