Անգլիացի ռեժիսոր Մարտին Մաքդոնահի «Երեք ցուցավահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմն ամենից շատ մրցանակներին է արժանացել Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի BAFTA մրցանակաբաշխության ժամանակ։
9 անվանակարգերում մրցանակի հավակնող ֆիլմը 5 մրցանակ է նվաճել, այդ թվում որպես «լավագույն ֆիլմ» և «լավագույն բրիտանական ֆիլմ»։ Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակը բաժին է հասել 60-ամյա ամերիկացի դերասանուհի Ֆրենսիս Մաքդորմանդին, ով մարմնավորել է գլխավոր հերոսուհի Միլդրեդ Հեյսին։ Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար մրցանակը բաժին է հասել Սեմ Ռոքուելին, ով հանդես է եկել սպա Դիքսոնի դերով։ Ֆիլմի սցենարն արժանացել է «Լավագույն օրիգինալ սցենար» կոչմանը։
Լավագույն ռեժիսոր է անվանվել մեքսիկացի Գիլերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» դրամայի համար։
Լավագույն դերասան է ճանաչվել Գերի Օլդմենը՝ «Մութ ժամանակներ» ֆիլմում Չերչիլին մարմնավորելու համար։
71-րդ արարողությունը կայացել է կիրակի երեկոյան, Լոնդոնի թագավորական Ալբերտ-հոլում։