Իրանը պատրաստ է ռազմական տեխնիկա և հանդերձանք մատակարարել Իրաքին՝ պաշտպանության և ռազմական համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին երկու երկրների միջև ստորագրված հուշագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է Իրանի ՊՆ-ն։
Համապատասխան հայտարարությունն արվել է Իրանի պաշտպանության փոխնախարար Հաջաթուլլա ալ- Կուրեյշիի կողմից։ «Իրանական կողմն Իրաքին առաջարկել է ռազմական օգնություն, ներառյալ զենք, զինամթերք, զրահատեխնիկա և հրետանի»,-ասվում է կոմյունիկեում։ «Երկու կողմերը նաև պայմանավորվել են յուրաքանչյուր կատեգորիայով հատուկ պրոֆիլային կոմիտեների ձևավորման մասին՝ այդ առաջարկներն ուսումնասրելու, դրանք հաստատելու և անհրաժեշտ սպառազինությունն ընտրելու համար»։
Վերջին տարիներին Թեհրանն ու Բաղդադն ակտիվորեն զարգացնում են ռազմա-տեխնիկական համագործակցությունը։ Ներկայում Իրաքի մայրաքաղաքում այցով գտնվող Իրանի խոշոր ռազմական պատվիրակությունը քննարկում է ազգային բանակի մարտական ներուժի բարձրացման հարցերը։