Շաբաթ օրը Մյունխենում հանդիպմանը Թուրքիայի և Վրաստանի վարչապետներ Բինալի Յըլդըրըմը և Գեորգի Կվիրիկաշվիլին քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանի իրավիճակին առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի հանդիպման ընթացքում կողմերը նշել են երկկողմ համագործակցության «շատ լավ դինամիկան»՝ հատկապես առևտրատնտեսական ոլորտում:
«Ուշադրության են արժանացել տարածաշրջանային նշանակության տրանսպորտա-էներգետիկ նախագծերը: Այդ կոնտեքստում նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման կարևորությունը»,- նշել են մամուլի ծառայությունում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կվիրիկաշվիլին և Յըլդըրըմը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
«Թուրքիայի վարչապետը ևս մեկ անգամ արտահայտել է իր աջակցությունը Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը»,- հայտարարում են մամուլի ծառայությունում:
Հանդիպմանը կողմերը շոշափել են նաև նախատեսվող Թուրք-վրացական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի հարցը, որը կկայանա տարվա առաջին կեսին Թուրքիայում: