Էվանսթոնի (ԱՄՆ) Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, թե որտեղ են արվել Պաբլո Պիկասոյի 5 հայտնի բրոնզե քանդակները Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ։ Այս մասին նրանք պատմել են Օսթինում՝ Ամերիկյան գիտական միության համաժողովում։
Նշված քանդակները պահվել են Փարիզում՝ Պիկասոյի ազգային թանգարանում և ստեղծվել Ֆրանսիայի օկուպացման ժամանակ։ Այդ իսկ պատճառով դրանց ստեղծման պատմությունն անհայտ է եղել։ Նկարչի արվեստն այդ ժամանակաշրջանում արգելված է եղել որպես «դեգեներատիվ»։ Բացի այդ, բրոնզի բոլոր պաշարներն առգրավվել էին Վերմախտի (զինված ուժեր) կարիքների համար։
Պարզվել է, որ 5 քանդակները ձուլվել են Փարիզում՝ հայտնի ձուլող Էմիլ Ռոբեչիի արհեստանոցում։ Համաձուլվածքի կազմն ու քիմիական բնութագրերը խիստ տարբերվել են յուրաքանչյուր արձանի համար։ Գիտնականների կարծիքով՝ դա խոսում է այն մասին, որ Ռոբեչին աշխատել է ընդհատակյա և մշտապես բախվել պղնձի և անագի մատակարարման ընդհատումների հետ։