Մոսկվայում՝ Լեհաստանի դեսպանատան մոտ, հայտնաբերվել է անհայտ փոշենման նյութով ծրար։ Ավելի վաղ այդպիսի ծրարներ են գտնվել Հունգարիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Հոլանդիայի, Չեխիայի դեսպանատների մոտ։ Այս մասին հայտնում է Polskie Radio-ն։
Համաձայն փորձաքննության՝ ծրարներում եղել է նյութ, որը կիրառվում է տնտեսության և անասնաբուժության մեջ՝ որպես միջատասպան։
Դեռևս հայտնի չէ, թե ով է դրանց հեղինակը։ Նշվում է, որ ուղարկողները որոշ նամակներ ստորագրել են «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակի անունից։ Պաշտոնյան այդ հարցի առնչությամբ արդեն դիմել է իրավապահ մարմիններին։
Լեհաստանի դեսպանատան անվտանգության ծառայությունն անցել է միջադեպի հետաքննության։
Պարբերականը նշում է, որ ավելի վաղ նման ծրարներ էին հայտնաբերվել Մոսկվայում 13 դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ։ Յուրաքանչյուր դեպքի մասին դիվանագետները հայտնել են ռուսական ոստիկանությանը։