Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի հետ առնչվող անցանկալի պատմության առիթով հանդես է եկել հայտարարությամբ․
«Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա հանձնարարությամբ եւ աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ: Դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանից մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները»:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Կարապետյանի առանց դահուկների մնալու պատճառը մարզիկի և Հայաստանի լեռնադահուկային ֆեդերացիայի նախագահի միջև առկա անձնական խնդիրն է:
Մասնավորապես, մեր տեղեկություններով Կարապետյանը դահուկներով մեկնել է Փհենչհան 3-4 օր մարզվել: Այնուհետև հայ լեռնադահուկորդը ՀԱՕԿ-ի ներկայացուցչին հայտնել է, որ դահուկները կոտրվել են:
Ըստ շրջանառվող խոսակցությունների, Կարապետյանն այս քայլով փորձել է հարված հասնցնել լեռնադահուկային սպորտի ֆեդերացիային և մասնավորապես նրա նախագահին: